Հենց Ադրբեջանն է ստիպել Հայաստանին բացել Մեղրիով անցնող ճանապարհը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությանը, մասնավորապես, հետաքրքրում է, թե հատկապես ինչ ռեժիմ է գործելու Հայաստանից արևելք և արևմուտք TRIPP ծրագրի իրականացման դեպքում։
«Ասում եք՝ ռեժիմը նույնն է լինելու։ Ես էլ ասում եմ էդ որտեղի՞ց վերցրեցիք դա։ Ալիևն ասել է՝ «Հորս արև»՞։ Հետո էլ կասի՝ «Հոյս արև եմ ասել»։ Դուք կոնկրետ պարտավորություններ եք ստանձնում՝ հույս ունենալով, որ մի օր Ալիևն ասելու է՝ «Վա՜յ, ես ձեզ էնքա՜ն շատ եմ սիրում»։ Կներեք, հարգելի գործընկերներ, բայց դուք ի՞նչ է, որոշել եք ծաղրե՞լ ինքներդ ձեզ», — ասաց Խաչատրյանը։
Միաժամանակ նա հավելեց, որ Հայաստանի պարտավորություններն ամրագրված են TRIPP նախագծում, մինչդեռ գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որը կսահմաներ Ադրբեջանի պարտավորությունները։











