Կարծում եմ՝ մեջբերում է արել, ոչ թե կոնկրետ ուղղված հենց ռուս ազգին, հիմա կարող է Իվան չասեր, Ռաշիդ ասեր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գրառմանը, որտեղ նա ռուսների հասցեին օգրագործել էր «իվաններ» բառը, ինչը խիստ արձագանքի էր արժանացել ՌԴ դեսպանատան կողմից։
«Ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունը, ռուս ազգը մեր բարեկամական ազգն է, մենք իրենց հետ ունենք ընդհանուր պատմություն, մշակույթ, քրիստոնեական երկիր է, մեր բարեկամներն են, այդտեղ խնդիր չկա։ Մենք ընդհանուր պատմություն ունենք, մշակույթ ունենք, դա քաղաքական է, կարծում եմ կհարթվի և վերջ։ Ընդհանրապես մեր թիմում, ԱԺ դահլիճից դուրս որևէ տեղ քննարկումների ժամանակ մեր թիմից որևէ մեկ անդամի կողմից չեմ նկատել, որ թշնամական վերաբերմունք լինի Ռուսաստանի Դաշնության կամ ռուս ազգի նկատմամբ։ Ձեր հարցը կարող եք ուղղել պարոն Առուշանյանին, ինքը կբացատրի։
Որպես գյումրեցի, կարծում եմ, Դավիթ Առուշանյանը հումորով ինչ-որ բան է նկատի ունեցել, համեմատություն է արել։ Ընդհակառակ, օրինակ, ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի, կվիրավորվեի, կպահանջեի, որ ավելի բարձր մակարդակով արձագանքեն, որովհետև Վարդան Ղուկասյանի մասին խոսում է ՌԴ ԱԳ նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդևը, իսկ մեր մարզպետի խոսքին արձագանքել է ընդամենը դեսպանը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանությունները Ռուսաստանին մեղադրում է այստեղ ագենտներ ուղարկելու մեջ, որ հեգնանքով «Նիժնի Տապռ» արտահայտությունն են կիրառում, Մինասյանն ասաց. «Դե որ ուղարկել են, չասե…նք, ասենք Ալբանիայից ուղարկած լինեն, ասենք Ալբանիայից։
Կրեմլի ագենտ արտահայտությունը սկսվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ Սամվել Կարապետյանին քաղաքացիություն, հա, տրամադրվել է ինչ-որ ՖՍԲ-ի հետ կապված բաներով։
Հիշեցնենք, որ Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած տոնական համերգի առիթով Շիրակի մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք...»։
Սրան կտրուկ արձագանքել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ նշելով. «Տարակուսանքով ենք ընկալել 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դ.Վ. Առուշանյանի՝ Facebook սոցիալական ցանցում իր անձնական էջում կատարած գրառման մեջ տեղ գտած որոշ «իվանների» հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։
Չենք ցանկանա մտածել, որ պաշտոնատար անձը, որը ղեկավարում է տարածաշրջանը, որտեղ ծառայություն են իրականացնում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ, ինչը արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության ոգուն»։











