ՀԷՑ–ի սեփականատերը Սամվել Կարապետյանն էր, մարդը չի կարող ինքն իր ընկերությունից չարաշահումներ անել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ՊԵԿ քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ ՔԿ հաղորդագրության, Սամվել Կարապետյանը 64.5 միլիարդ դրամի վնաս է հասցրել ՀԷՑ–ին և դրա շրջանակներում էլ ձերբակալվել է, ևս 36 անձի հետ կապված քրեական վարույթ է հարուցվել։

«Օրինակ, եթե մեկը ունի «Հայկական ժամանակ» թերթ, ինքը չի կարող իր թերթից չարաշահում անի, որովհետև ինքն է սեփականատերը։ Ո՞նց կարելի է կասկածել մարդկանց տրամաբանության վրա։ Դա իր սեփական ֆիրման է, 100% ն իրենն է, ամեն ինչը այդտեղ իրենն է։ Ի՞նչ չարաշահման մասին է խոսքը սեփականատիրոջ կողմից։ Ոնց որ դուք մի բանի տերը լինեք, խանութ ունենաք, այդ խանութում ի՞նչ չարաշահման մասին կարող է խոսք լինել, եթե ամեն ինչ այդ խանութում ձերն է։ Նույնը ՀԷՑ–ի դեպքում է։ Հայտնի խոսք կա՝ լինի մարդ, կլինի հոդված։

Փաշինյանը հայտարարեց՝ մենք կփորձենք համոզել ընդիմադիրներին, հիմա մեզ համոզում են, հիմա մենք համոզման պրոցեսի մեջ ենք։ Այս ամբողջ պատմության հիմնական նպատակը համոզելն է»,–ասաց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ եք որ ինչ-որ մի փուլում կհամոզվեք կամ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից կլինեն համոզվողներ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Դուք ո՞նց եք կարծում, մեր հակառակորդ երկիրը մեզ հրամցնում է իր ուզած սահմանադրությունը։ Դա նույնն է, որց մեզ ասեն՝ նստի, հելի իրենց ձևով։ Շատերը մտածում են ու մեր հասարակության մեջ կա այդ ընկալումը, որմարդիկ, որոնք ֆինանսական ռեսուրս ունեն, այդ մարդկանց վերաբերվում են այնպես, որ այդ մարդկանց մոտիվացիաների մեջ հնարավոր է հայրենիքի հանդեպ վերաբերմունքը առաջնային չլինի։ Բայց հիմա մարդը կրակը չի ընկել, որ ֆինանսական ռեսուրս ունի ու բացի դրանից ինքը հայրենասեր ու ձիգ մարդ է։ Ամենն ինչի մեջ մենք մտել ենք մենակ մեր հայրենիքի պրինցիպների համար։

Դուք մտածում եք, որ մեր խմբակցությունում կգտնվի մեկը, որը կողմ կքվեարկի թուրքերի սահմանադրությա՞նը։ Ես իմ թիմակիցներին ճանաչում եմ, իրենք բազմաթիվ բաների միջով են անցել։ Բոլորի վրա էլ ճնշումներ կան»։

Նարեկ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Սամվել Կարապետյանին փորձելու են տանել կալանքի. «100% փորձելու են իբր դա բանակցային կետ սարքել։ Չի լինելու, այդ մարդու ձևը այդպես չի, այդ մարդը ուրիշ ձևի մարդ է։ Իրենք իրենց համոզելու պրոցեսի մեջ բոլորին էլ կարող են մեղադրանք առաջադրել, մենք պատրաստ ենք։ Այս ամենը մի բանի համար է, որպեսզի Ալիևի սահմանադրությունը անցկացնի, որովհետև ինքը արդեն ամբողջությամբ հանձնվել է իրենց»։

Հարցին՝ այս պայմաններում որն է իրենց առաջարկը հանրությանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Մենք ունենք հետաքրքիր առաջարկ, որը վաղը պետք է Սամվել Կարապետյանը կազմակերպեր։ Այսօր իրենք սա արեցին, որ դրա դեմը առնեն։ Վաղը պետք է կարևոր բան լիներ, բայց այդ կարևոր բանը կլինի։ Մի քանի ժամ սպասեք»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։