Փարիզի ծայրամասում հնագետները հայտնաբերել են մոտ 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասնմեկ թաղումով, երեսուն հսկայական քարով և գրեթե տասը տոննա կշռող քարե արձանով, գրում է La Brújula Verde-ն։
Հայտնագործությունն արվել է Ֆրանսիայի մայրաքաղաքից հարավ-արևելք գտնվող Շամպինյի սյուր Մառն համայնքում՝ բնակելի համալիրի կառուցմանը նախորդող պեղումների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտության ազգային ինստիտուտը։

Գլխավոր գտածոն մարդու կերպարանքով երեք մետրանոց քարե արձանն է։ Այն կողքի վրա ընկած էր մի փոսում, որտեղ ժամանակին կանգնեցված է եղել ուղղահայաց դիրքով։ Արձանի մակերեսին հետազոտողները հայտնաբերել են գոտու պատկեր և մարդու ձեռքով արված փոքր փոսիկներ։ Քարի վրա նկատվել են նաև սև ու սպիտակ հետքեր, որոնք կարող են ներկի մնացորդներ լինել։ Եթե դա հաստատվի, կնշանակի, որ արձանն ի սկզբանե ներկված է եղել։
Հնագետները հայտնաբերել են տասնմեկ գերեզման։ Դրանց մեծ մասում հանգուցյալները թաղված էին մեջքի վրա պառկած դիրքով, իսկ մարմինների կողքին կային մշակված կայծքարե գործիքներ, ծայրապանակներ և այլ առարկաներ։ Առանձնանում էր նեղ, կլոր փոսում կատարված թաղումը, որտեղ չափահաս մարդու հուղարկավորել էին նստած դիրքով։ Նրա սրունքներն ու ոտնաթաթերն ամբողջությամբ պատված էին կալցիտով՝ հանքանյութով, որն առաջանում է ջրից նյութերի նստեցման հետևանքով։ Թաղման այս անսովոր ծեսի պատճառը դեռ հայտնի չէ։

Մեկ այլ անակնկալ էր հնագույն շինանյութի հայտնաբերումը, որը հետազոտողներն անվանում են պարզունակ ցեմենտ։ Մարդիկ կալցիումի միացություններով հարուստ տեղական ավազն ու տիղմը խառնել են մանրախճի և ջրի հետ։ Չորանալուց հետո խառնուրդը կարծրացել է։ Դրա հետքերը պահպանվել են գերեզմանների, քարե հուշարձանների և մի հողաթմբի մոտ, որի նշանակությունը դեռ առեղծված է մնում։
Նման քարե արձաններ հայտնի են Ֆրանսիայում, սակայն հիմնականում՝ երկրի հարավում։ Փարիզի շրջանում արված հայտնագործությունն ընդլայնում է հնագետների պատկերացումները նեոլիթի դարաշրջանում նման հուշարձանների տարածվածության մասին։

Մասնագետները նախատեսում են վերլուծել հնագույն ԴՆԹ-ն և ոսկորներում ու ատամներում պարունակվող իզոտոպները։ Դա կօգնի պարզել թաղվածների ծագումը, սննդակարգի առանձնահատկությունները, առողջական վիճակն ու տեղաշարժերը։ Հետազոտությունները պետք է նաև լույս սփռեն տարածաշրջանի հնագույն բնակիչների թաղման սովորույթների և շինարարական տեխնոլոգիաների վրա։




























