Ֆրանս-գերմանական համատեղ FCAS նախագծի ձախողումից հետո Գերմանիան ակնկալում է մինչև 2027 թվականի մարտի վերջը սկզբունքային որոշում կայացնել օդային մարտական նոր համակարգի մշակման վերաբերյալ։ Այս մասին Funke մեդիախմբին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նախարարի խոսքով՝ ինքը շահագրգռված է, որ գերմանական ավիատիեզերական արդյունաբերությունը մասնակցի նոր կործանիչի ստեղծմանը։ Ընդ որում, Գերմանիան չի կարողանա նման նախագիծն ինքնուրույն կյանքի կոչել և մտադիր է ուսումնասիրել միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները։
«Սեղանին երկու տարբերակ կա։ Առաջինը Global Combat Air Programme (GCAP) ծրագրին մասնակցելն է, որում ներգրավված են Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում այդ հարցի շուրջ», — ասել է Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ դեռ պետք է գնահատել՝ արդյոք Գերմանիայի միանալը GCAP-ին չի՞ հանգեցնի ծրագրի էական ձգձգման։ Նախարարը նշել է, որ նման սցենարը դժվար թե գոհացնի նախագծի բոլոր մասնակիցներին։
Երկրորդ տարբերակը ենթադրում է Airbus ընկերության կողմից սեփական նախագծի մշակում՝ եվրոպական այլ գործընկերների հետ համատեղ։ Այս նախաձեռնության իրագործման մոտավոր ժամկետը 2040-ական թվականների սկիզբն է։
Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին առաջարկել էր GCAP-ի շրջանակում համատեղ նոր կործանիչ մշակել։
Ֆրանս-գերմանական FCAS նախագիծը, որը նախատեսում էր հեռանկարային մարտական ավիացիոն համակարգի ստեղծում, բազմամյա բանակցություններից հետո փաստացի դադարեցրեց իր գոյությունը, քանի որ կողմերին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ։




























