Երկրաբանները վկայություններ են հայտնաբերել, որ ավելի քան 500 միլիոն տարի առաջ ծովի մակարդակի կտրուկ տատանումները հանգեցրել են հսկայական ստորջրյա կիրճերի առաջացմանը ներկայիս Հարավային Ավստրալիայի տարածքում։ Երկրաբանական ադ գործընթացները պայմաններ են ստեղծել Երկրի վրա բարդ կյանքի հնագույն բրածո վկայություններից մի քանիսի պահպանման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Earth and Planetary Science Letters հանդեսում։
Հետազոտողներն ուսումնասիրել են Ֆլինդերսի լեռնաշղթաների ապարները, որոնք հայտնի են էդիակարյան ժամանակաշրջանի բրածոների հարուստ գտածոներով։ Այդ ժամանակաշրջանը տևել է մոտավորապես 635-ից մինչև 538,8 միլիոն տարի առաջ։ Ադ բրածոները պահպանել են փափկամարմին օրգանիզմների հետքերը, որոնք գոյություն են ունեցել կենդանիների բազմազանության հետագա կտրուկ աճից շատ առաջ։
Գիտնականները կազմել են տարածաշրջանի, այդ թվում՝ Նիլպենա-Էդիակարա ազգային պարկի մանրամասն երկրաբանական քարտեզները՝ հնագույն ռելիեֆը վերականգնելու և պարզելու համար, թե ինչպես են կուտակվել նստվածքային ապարները։
Նրանք հայտնաբերել են դեպի հարավ-արևելք ուղղված հսկայական կիրճերի հետքեր։ Դրանց խորությունը հասել է 280 մետրի, իսկ լայնությունը գերազանցել է 6 կիլոմետրը։
Հետազոտողների կարծիքով՝ կիրճերը հիմնականում առաջացել են ստորջրյա էրոզիայի հետևանքով, որը սկսվել է ծովի մակարդակի զգալի անկման ժամանակ։ Որոշ հատվածներ կարող էին ձևավորվել ցամաքային էրոզիայի հետևանքով, ապա հայտնվել ջրի տակ։
Երբ ծովի մակարդակը կրկին բարձրացել է, ջուրը ծածկել է հնագույն լանդշաֆտը, իսկ նստվածքային ապարներն աստիճանաբար լցրել են կիրճերը։ Դա նպաստել է Ռոունսլիի քվարցիտների կազմում էդիակարյան հորիզոն անվամբ հայտնի երկրաբանական շերտի ձևավորմանը։ Հենց այդ շերտում են պահպանվել հնագույն օրգանիզմների բազմաթիվ բրածոներ։
Համեմատելով կիրճերի առանձնահատկությունները ժամանակակից ստորջրյա կիրճերի հետ՝ հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ դրանց առաջացումն ավելի լավ է բացատրվում հզոր ստորջրյա հոսանքների ազդեցությամբ էրոզիայով, քան բացառապես գետային գործընթացներով։ Վերջիններիս համար կպահանջվեր ծովի մակարդակի չափազանց կտրուկ անկում կամ ցամաքի զգալի բարձրացում։
Ըստ հետազոտության համահեղինակ, Ադելաիդայի համալսարանի դոցենտ Դիեգո Գարսիա-Բելիդոյի՝ հնագույն ավազանի ձևավորումը պայմանավորված էր ծովի մակարդակի տատանումների և տեղական երկրաբանական գործընթացների համակցությամբ։
Հատկապես կարևոր է եղել կիրճերի հետագա ջրածածկումը։ Էդիակարյան շատ բրածոներ փափկամարմին օրգանիզմների նուրբ դրոշմներ են, որոնք սովորաբար վատ են պահպանվում երկրաբանական տարեգրության մեջ։ Դրանց առաջացման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ, որոնք թույլ են տալիս մնացորդներն արագ ծածկել նստվածքներով և պաշտպանել քայքայումից։




























