Գիտնականներն Ամազոնիայում հայտնաբերել են ոռնացող կապիկների երկու նախկինում անհայտ տեսակ՝ հաստատելով, որ աշխարհի ամենամեծ արևադարձային անտառն առանձնանում է ավելի մեծ կենսաբազմազանությամբ, քան նախկինում ենթադրվում էր։ Բացահայտումը միաժամանակ ցույց է տվել, որ պրիմատների որոշ պոպուլյացիաներ կարող են հայտնվել անհետացման վտանգի տակ՝ նախքան դրանք կհասցնեն մանրամասն ուսումնասիրել։
Մեծ Բրիտանիայի Սալֆորդի համալսարանի գիտնականների և նրանց միջազգային գործընկերների ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը հրապարակվել է Communications Biology հանդեսում։ Հեղինակները վերլուծել են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում բնակվող ոռնացող կապիկների 11 տեսակների գենոմները, ինչպես նաև ուսումնասիրել թանգարանային նմուշների ձևաբանական առանձնահատկությունները։ Արդյունքում հետազոտողներն առանձնացրել են երկու նոր տեսակ՝ Alouatta iroi և Alouatta matogrossensis, և պարզել դրանց էվոլյուցիոն կապերն այս խմբի մյուս ներկայացուցիչների հետ, ինչպես նաև դրանց տարածման արեալները։
Աշխատանքն օգնում է լրացնել կենսաբազմազանության մասին գիտելիքների երկու բաց՝ գոյություն ունեցող տեսակների իրական թվի վերաբերյալ տեղեկությունների պակասը և դրանց աշխարհագրական տարածման մասին տվյալների ոչ ամբողջական լինելը։ Վերջին անգամ ոռնացող կապիկների նոր տեսակ նկարագրվել էր 85 տարի առաջ՝ 1941 թվականին։
Հետազոտությունը գիտնականներին միաժամանակ հնարավորություն է տվել ավելի մանրամասն հետևել այս պրիմատների էվոլյուցիոն պատմությանը։ Պարզվել է, որ պոպուլյացիաները, որոնք նախկինում համարվում էին մեկ տեսակ, իրականում առանձին էվոլյուցիոն ճյուղեր են ներառում։
Ոռնացող կապիկների բազմազանության ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Ամազոնիայի խոշոր գետերը։ Միլիոնավոր տարիների ընթացքում Ամազոնը, Ռիու Բրանկուն և Շինգուն ծառայել են որպես բնական պատնեշներ՝ խոչընդոտելով պոպուլյացիաների խառնվելուն։ Արդյունքում գետերի տարբեր ափերին և անտառի մեկուսացված հատվածներում բնակվող պրիմատների խմբերը զարգացել են միմյանցից անկախ և աստիճանաբար վերածվել առանձին տեսակների։
Միևնույն ժամանակ հայտնաբերված տեսակներն արդեն կարող են բախվել անհետացման վտանգին։ Մասնավորապես, Alouatta matogrossensis-ը բնակվում է Ամազոնիայի հարավում՝ մի տարածաշրջանում, որտեղ անտառներն արագորեն հատվում են գյուղատնտեսական հողատարածքների ընդլայնման և այլ գործոնների պատճառով։ Բնական կենսամիջավայրի կորուստն ու մասնատումը սպառնում են տեղական կենսաբազմազանությանը։ Հայտնաբերված որոշ պոպուլյացիաների պահպանության կարգավիճակը դեռևս երբեք պաշտոնապես չի գնահատվել։
Սալֆորդի համալսարանի էկոլոգիական հետազոտությունների և նորարարությունների կենտրոնի պրոֆեսոր Ժան Բուբլին ընդգծել է, որ բացահայտումն արվել է վճռորոշ պահին. անտառահատումները, կլիմայի փոփոխությունն ու բնական կենսամիջավայրի ոչնչացումը սպառնում են ամազոնյան բազմաթիվ տեսակների՝ դեռ նախքան գիտությունը կհասցնի ուսումնասիրել կամ հայտնաբերել դրանք։ Նա հավելել է, որ հետազոտության արդյունքները կօգնեն բնապահպանական կազմակերպություններին բացահայտել առավել խոցելի պոպուլյացիաները և սահմանել կենդանիների պաշտպանության առաջնահերթությունները։
Սալֆորդի համալսարանի պատվավոր գիտաշխատող Ռոմինա Բատիստան նշել է, որ Ամազոնիան շարունակում է զարմանալի կենսաբանական գաղտնիքներ պահել նույնիսկ այնպիսի լավ հայտնի կենդանիների շրջանում, ինչպիսիք են ոռնացող կապիկները։ Նրա գնահատմամբ՝ գոյություն ունեցող տեսակների բացահայտումը դրանց պաշտպանության առաջին քայլն է, հատկապես բնական էկոհամակարգերի վրա աճող ճնշման պայմաններում։
Այս պրիմատների պահպանության գործում լրացուցիչ դեր կարող են խաղալ բնապահպանական նախաձեռնությունները, ներառյալ՝ բնապահպան Ֆերնանդա Աբրայի ղեկավարած Reconecta նախագիծը։ Այն նպատակ ունի նվազեցնել ծառաբնակ կենդանիների մահացությունը ճանապարհներին և միացնել անտառի իրարից կտրված հատվածները, ինչը կարող է նպաստել նաև վերջերս նկարագրված Մատու Գրոսուի կարմիր ոռնացող կապիկի պահպանությանը։




























