Լոռիի մարզի Մարգահովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Անտինյանը, ով արդեն 5 տարի հանդիսանում է 1994թ-ին ծնված Արմինե եւ 2003թ-ին ծնված Միլենա Ղազարյանների խնամատարը, հայտնվել է անորոշ վիճակում: Խնդիրն այն է, որ ՀՕՖ-ի կողմից 2005թ-ին քույրիկները հանձնվել են խնամատար ընտանիքին, քանի որ նրանց կենսաբանական մայրը չի ունեցել բավարար կենսապայմաններ երեխաներին պահելու համար: Սակայն մոտ 10 օր առաջ հայտնվել է երեխաների կենսաբանական մայրը ու երեխաների կամքին հակառակ նրանց փորձում է հետ վերցնել խնամատար ընտանիքից, իսկ երեխաները հրաժարվում են որեւէ կապ ունենալ իրենց կենսաբանական մոր հետ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում խնամատար ընտանիքի մայրը՝ Անահիտ Անտինյանը մի շարք մանրամասներ պատմեց ստեղծված իրավիճակի հետ կապված, նշելով, որ խնդիրը ինքն էլ չի հասկանում, միայն այն գիտի, որ այսօր երեխաներին իրենց կամքին հակառակ փորձում են տանել: «Դե խնդիրը ես էլ չեմ կարողանում հասկանալ, երեխեքին 5 տարի ա վերցրել պահել ենք, երեխաները չեն ցանկանում գնալ իրենց կենսաբանական մոր մոտ: Մայրը ըստ երեւույթին արդեն բարելավել է պայմանները, կարգավորել խնդիրները ու չի անում անցյալում գործած ինչ-որ բաներ, ուզում ա երեխաներին տանի, բայց երեխեքը չեն ուզում»,- ասաց նա, փաստելով, որ երեխաների կարծիքին, այն է շարունակել մնալ խնամատար ընտանիքում, տեղյակ են բոլորը՝ սկսած սոց աշխատողներից մինչեւ խնամակալության հանձնաժողով. «Երեխաների մայրը ցանկացավ երեխեքին տանել, երեխեքը չգնացին, ստրես ապրեցին, քույրերը կպել էին ինձ, որ չթողնեմ տանեն, բոլորը հավաքվեցին էդ աղմուկին, ու երեխեքն էլի մեր տուն եկան»:
Քույրերը խնամատար ընտանիք են հանձնվել Հայ օգնության ֆոնդի կողմից (ՀՕՖ), իսկ մինչ այդ երեխաները գտնվել են ՀՕՖ-ում: Խնամատար մոր փոխանցմամբ ինքը երբեք երեխաներին իրենց անցյալից չի հարցրել, քանի որ երեխաները ահավոր սթրեսի մեջ են եղել: «Էսօր երեխեքը չեն ուզում գնալ, դրա համար ես մեղավոր չեմ, եթե իրանց կենսաբանական մայրը կարողանա էնպես անել, որ երեխաները գնան, դա շատ լավ կլինի, ես ոչ վերցրել եմ, ոչ էլ խլել, փոքրիկ Միլենան 3.5 տարեկան էր, հիմա 8.5 էա, ես ավելի շատ եմ պահել, քան իրանց մայրը, ես իրանց վրա ջիգյար ունեմ, էստեղ միայն մարդկային խիղճն ա, ես ինչ գիտեմ իրա մերը ինչ ա անում ու որտեղ ա ապրում, որ երեխեքին արգելեմ գնան իրենց մոր մոտ, բայց չեմ էլ կարող ուղղակի երեխաներին ասել գնացեք, չիմանալով թե ուր են գնում…»:
Շաբաթներ առաջ մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ երեխաների կենսաբանական մայրը սպառնացել է երեխաներին, որ եթե չհեռանան խնամատար ընտանիքց ու չապրեն իր հետ, ապա «նորից կգցի» մանկատները»: Մեծ աղջիկը իմանալով, որ իրենց հանում են տնից, լացակումած հարցրել է, թե ինչ է արել, որ ուզում են իրենց հանեն:
Տիկին Անահիտի փոխանցմամբ ծնողները սկզբում մի քանի անգամ այցելել են երեխաներին, բայց հետո միայն զանգեր ու վերջ….:
Մեզ հետ զրույցում երեխաները եւս նշեցին, որ ցանկանում են շարունակել ապրել խնամատար ընտանիքում, քանի որ ըստ նրա իրենց իսկական մայրը տիկին Անահիտն է, այլ ոչ Լենան: Մեծ քրոջ փոխանցմամբ վերջերս ինքը կրկին հանդիպել է Լենայի հետ, որպեսզի տեսներ, թե արդյոք փոխվել է մայրը, սակայն ինչպես ինքն է ասում, ոչինչ չի փոխվել. «Իր վերաբերմունքը մեր հանդեպ շատ վատ ա, ինքը ձեռքը խփեց ու վախեցրեց մեզ, ինքը շատ ագրեսիվ ա, մենք վախենում ենք իրենցից…»:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը զրուցել է նաեւ երեխաների կենսաբանական մոր՝ Լենա Բերյոզովայի հետ, ով երեխաների նման վերաբերմունքի մեջ մեղադրեց միայն խնամատար ընտանիքին, իր խոսքով ասած երեխաներին իր դեմ հանելու մեջ: Զրույցի մանրամասները՝ առաջիկայում:



Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները եւ տեսանյութը՝ հեղինակի











