Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 16-ին նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումն` ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականը:

Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվել են նաեւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը այդ դեպքի առնչությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցից) ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների:Գասպարրի ձեռքին եղել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը:Ի պատասխան Վարդգես Գասպարին սկսել է բացականչել. «Ալեքսանյան խուլիգան»: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել:Վարդգես Գասպարին նույն պահին ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն։ Պարզվել է, որ հրողը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի թիկնապահն է: