Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Ձորագյուղ եւ Մարտունի համայնքներում ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե փոխվարչապետին զեկուցվել է, որ Ձորագյուղում նախատեսվում է վերականգնել 3 կմ ներտնտեսային ցանց, որից 2 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտվել են: Մարտունիում 6,2 կմ երկարությամբ ջրանցքի 4,2 կմ հատվածն է արդեն վերականգնված: Հաշվի առնելով մարզի խիստ եղանակային պայմանները` փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք ավարտելու հետ կապված դժվարություններ չառաջանան: Նրանք վստահեցրել են, որ նախատեսված աշխատանքները մինչեւ նոյեմբեր ավարտին կհասցվեն, եւ հաջորդ ոռոգման շրջանին համայնքները հնարավորություն կունենան արդյունավետ ոռոգում իրականացնել:

Ձորագյուղ համայնքում փոխվարչապետը ծանոթացել է նաեւ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, որի համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ եւ երրորդ ծրագրերով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 46 մլն դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մոտ մեկ ամսից: Առաջնահերթ խնդիրների երկրորդ եւ երրորդ ծրագրերով Մարտունի քաղաքում ավարտվել է Մյասնիկյան փողոցի ասֆալտապատումը. կատարված աշխատանքներին Ա. Գեւորգյանը ծանոթացել է տեղում:

Այցի ավարտին փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետարանում խոհրդակցություն անցկացրեց, որի օրակարգում համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող ծրագրերին վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր էին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:

2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3 մլրդ 163 մլն դրամի դիմաց կազմել են 2 մլրդ 796 մլն դրամ, կատարողականը 88.4.% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով ցածր կատարողական է արձանագրվել մարզի համայնքների մոտ մեկ երրորդում:

Կատարողականի ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքների ղեկավարներին փոխվարչապետը հորդորել է հետեւողական աշխատանքներ իրականացնել առաջիկա ամիսներին իրավիճակը շտկելու համար: Նա անթույլատրելի համարեց համայնքներում ոչ արդյունավետ վարչարարության իրականացումը` եւս մեկ անգամ ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ այդ գումարներն ուղղվում են համայնքային բյուջե, նպաստում տեղերում ծրագրերի իրականացմանը:

Փոխվարչապետը հորդորել է հարկային կարգապահությունը դարձնել գործելաոճ` նշելով, որ դա կարեւորվում է նաեւ պետության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Խորհդակցությանը քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին եւ չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 80 տոկոս: Զեկուցվել է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Չորրորդ ծրագրով մարզին հատկացված 1,1 մլրդ դրամը կուղղվի մարզի համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների, մշակույթի տների ու համայնքային կենտրոնների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, խմելու ջրագծերի կառուցմանը:

Քննարկվել են նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես` հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին առնչվող հարցեր: Փոխվարչապետը կարեւորել է ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարումը: