Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղերում ծրագրերի իրականացմանը ծանոթանալու եւ մարզպետարաններում  խորհրդակցությունների ժամանակ ընթացիկ մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե այսօր Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման  ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Մարզպետ Է. Բարսեղյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այցն սկսեց Մասիսի տարածաշրջանից` այցելելով Այնթապ համայնքում նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ: Նոր մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով  98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով,  120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, եւս 90 մլն դրամ` «ԳեոՊրոՄայնինգ»  ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով  մասնակցում է նաեւ համայնքը: Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցեցին, որ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:

Այնթապի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների վերանորգման հարցը նույնպես ընդգրկվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ թիվ 1 դպրոցի վերանորոգումն արդեն ավարտված է, այդ նպատակով  առաջին եւ երրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ հատկացվել էր 18 մլն դրամ, իսկ թիվ 2 դպրոցի նորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա  շաբաթվա ընթացքում:

Մասիսում փոխվարչապետին ներկայացվեցին բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման  եւ ասֆալտապատման աշխատանքները: Երրորդ ծրագրով  շուրջ 41 մլն դրամ է հատկացվել  քաղաքի թիվ 33 եւ թիվ 35  շենքերի տանիքների նորոգման համար, որոնցից առաջինի աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս շենքի տանիքի նորոգումը կավարտվի առաջիկա շաբաթներին:  Քաղաքի փողոցների ասֆալտապատման նպատակով  երկրորդ ծրագրով հատկացվել էր 140 մլն, երրորդ ծրագրով` 164 մլն դրամ, աշխատանքներն արդեն ավարտվել են:

Արտաշատի տարածաշրջանում  փոխվարչապետը ծանոթացավ Մրգավանի

դպրոցի վերանորոգման աշխատանքերին, որոնք արդեն ավարտման փուլում են: Դպրոցի նորոգման համար առաջնահերթ ծրագրերով հատկացվել է 45 մլն դրամ: Մրգավետ համայնում  էլ մանկապարտեզի շենքի նորոգումը նախատեսում է  ավարտել հաջորդ շաբաթ: Առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է  30,5 մլն դրամ:

Արտաշատ քաղաքում փոխվարչապետին ներկայացվեց թիվ 2 մանկապարտեզի նորոգման ընթացքը, նշվեց, որ երկրորդ եւ երրորդ ծրագրերով հատկացված շուրջ 40 մլն դրամով նախատեսված աշխատանքներն առաջիկայում կավարտվեն: Զեկուցվեց, որ ավարտվել են  քաղաքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որի համար երրորդ ծրագրով  հատկացվել էր  շուրջ 70 մլն դրամ:

Արարատի տարածաշրջանում փոխվարչապետը եղավ Արալեզ գյուղում, որտեղ երրորդ ծրագրով  հատկացված 19,5  մլն դրամով  առաջիկայում ավարտին կհասցվեն գազիֆիկացման աշխատանքները: Վեդի քաղաքում փոխվարչապետն այցելեց հիմնանորոգվող  մշակույթի տան  շինհրապարակ: Շենքի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով 80 մլն դրամ էր հատկացվել, աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետբյուջեից եւս 225 մլն դրամ է տրամադրվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ  դրանք նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:

Փոխվարչապետին տեղեկացվեց, որ երրորդ ծրագրով Շաղափ համայնքում 1,3 կմ  երկարությամբ  խմելու ջրագիծ է կառուցվել, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարման վիճակը, իսկ Արարատ գյուղում կատարվել են   գազիֆիկացման եւ ասֆալտապատման աշխատանքներ` համապատասխանաբար 8,2 եւ 48,5 մլն դրամով:

Զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է  շուրջ 95 տոկոս:  ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ` չորրորդ ծրագրով մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նույնպես կուղղվի դպրոցների,  մանկապարտեզների շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազատարերի կառուցմանը եւ համայնքային նշանակության այլ հրատապ խնդիրների լուծմանը: