Հայ ազգային կոնգրեսի` «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ ներկայացված օրենքի նախագծում առաջարկվող հիմնական, առանցքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են եւ դեմ քվեարկելու պատճառ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հյաաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ դեռ չի հասցրել առաջարկների ամբողջ փաթեթին ծանոթանալ, սակայն տեղյակ է հիմնական փոփոխություններին եւ չի բացառվում, որ կլինեն առաջարկներ, որոնց նկատմամբ կունենան վերապահումներ: Խմբակցության քարտուղարը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկեն խմբակցությունում եւ ներկյայացնեն տեսակետ:«Բայց նախապես կարող եմ ասել, որ որոշ դրույթներ մեզ համար ընդունելի են, մասնավորապես` ցուցակների հրապարակում, հնարավորինս համամասնական ընտրակարգի անցում, ՀԱԿ-ը առաջարկում է 100 տոկոսանոց համամասնական, բայց եթե անգամ հնարավոր լինի կոնսեսուսի գալ խորհրդարանում, որպեսզի գոնե եթե ոչ 100 տոկոսոնաց համամասնական, բայց գոնե մեծամասնականը էականորեն կիսով չափ նվազի, դա եւս առաջընթաց կլինի:
Մատների թանաքոտումը նույնպես կարող է մեզ համար ընդունելի լիներ: Մենք կարծում ենք, որ եթե դրոշմակնիքները աշխատեին, լավագույն տարբերակը դա կլիներ, բայց խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ դրոշմակնիքները չեն աշխատում եւ բազմակի քվեարկությունները բացառելու համար ինչ-որ վերահսկողական մեխանիզմ է պետք , դա կարող է լինել նաեւ մատների թանաքոտումը, ինչը առաջարկում է նաեւ ՀԱԿ-ը: Առաջարկություններ կան, որոնք որոշակիորեն կարող են վերահսկողական մեխանիզմները ուժեղացնել ընտրական գործընթացների նկատմամբ, դրանք մեզ համար ընդունելի են, եւ անպայմանորեն քննարկելուց հետո, կարծում եմ, որ մեր վերաբերմունքը կլինի դրական»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության քրատուղար Հովհաննես Սահակյանի տեսակետին, թե այդտեղ քաղաքական շահ ստանալու եւ նախընտրական շրջանում իրարանցում սերմանելու միտում է տեսնում, ապա ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ որպեսի ՀՀԿ-ն որեւէ մեկին չմեղադրի քաղաքական դիվիդենտներ շահելու մեջ, քաղաքական բոլոր գործընթացները պետք է սառեցվեն:
«Բնական է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ հնարավոր օրենսդրական փոփոխություններով ավելի ուժեղացնեն վերահսկողական մեխանիզմները, եւ եթե ցանկացած ուժի նախաձեռնություն պիտի ընկալվի դիվիդենտ շահել, ապա հակառակը` քաղաքական բոլոր գործընթացները պետք է դադարեցվեն, որպեսզի հանկարծ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին չմեղադրի դիվիդենտներ շահելու մեջ: Դա լուրջ մոտեցում չէ, կարծում եմ ճիշտ կլինի կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ փորձել բոլոր քաղաքական ուժերի հնարավոր օպտիմալ առաջարկները քննարկել` անկախ նրանից` իշխանության, թե ընդդիմության դաշտին ներկայացվող քաղաքական ուժ է»,- ասաց նա:
Նշենք, որ 2013 թ.-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Փաթեթի մեջ ներառված է նաեւ Բնակչության պետական ռեգիստրի եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Ընդդիմադիր խմբակցությունը մոտ 25 փոփոխություն է առաջարկում ընտրական օրենսգրքում։ Դրանց մեջ ներառված են նաեւ 2008 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ի արած առաջարկությունները՝ քվեարկողների մատների թանաքոտում, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քվեարկությունից հետո ցուցակների հրապարակայնացում։ Առաջարկվում է նաեւ ընտրացուցակներից հանել Հայաստանում չգտնվող ընտրողներին եւ այլն։





























