Հայ ազգային կոնգրեսը նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի մասին կհայտարարի այն ժամանակ, երբ կոմայից դուրս գա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, «Հանրապետություն» կուսակցության համագումարին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: «Կոմայից երբ դուրս գա, այդ ժամանակ էլ ՀԱԿ-ը կխոսի»,- ասաց նա:

Հարցին, թե ԲՀԿ-ն «քաշել է» ՀԱԿ-ին` նախագահական ընտրություններին իր չմասնակցության մասին հայտարարելով վերջին պահին, նա նշեց, որ ՀԱԿ-ը ինքը իրեն «քաշեց»` համագործակցության գնալով ԲՀԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելուն, նա նշեց հետեւյալը. «Կարծում եմ` ամբողջական ինֆորմացիա պետք է ունենալ, որպեսզի ճիշտ գնահատել, Հրանտը  լուրջ քաղաքական դեմք է, լուրջ ներդրում ունի մեր երկրի համար, պատերազմը հաղթած վարչապետ է, կարծում եմ` մտածելու առիթ է տալիս»: Ոչինչ չբացառելով` Պետրոս Մակեյանը նշեց, որ նախագահական ընտրություններին մասնակցելու, թեկնածուներին սատարել-չսատարելու վերաբերյալ հարցերին կպատասխանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության դեկտեմբերի 25-ին կայանալիք քաղխորհրդի նիստից հետո:

Ինչ վերաբերում է վերջերս մեծ ամղուկ բարձրացրած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի «գաղտնի զրույցի» ձայնագրության տարածմանը, Պետրոս Մակեյանը նշեց, որ չի ցանկանում ոչ իրավական ճանապարհով ի հայտ եկած տեղեկությունը մեկնաբանել, առավել եւս` իր տեղեկություններով` Զուրաբյանn ասել է, թե դա մոնտաժ է արված: Իսկ թե ով կարող էր գաղտնալսել երկու պատգամավորների խոսակցությանը, կուսակցության ղեկավարը նշեց, որ կոնկրետ չի կարող ասել, մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, ցանկացած տարբերակ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am