Վենեսուելայի մայրաքաղաքում՝ Միրաֆլորես պալատի դիմաց, հունվարի 10-ին Ուգո Չավեսին աջակցող զանգվածային հանրահավաք է անցկացվել։ Մասնակիցները երկրի առաջնորդին եւ բոլիվարյան սոցիալիզմի նրա ուղղությանը հավատարմության խորհրդանշական երդում են տվել։
Բազմահազարանոց հանրահավաքն անցկացվել է Վենեսուելայի կառավարության կոչով՝ Ուգո Չավեսի երդմնակալության նշանակված օրը։
Ըստ կազմակերպիչների` Կարակասի հանրահավաքը խորհրդանշում էր նախագահական նոր վեցամյա ժամկետի սկիզբը, հայտնում է vesti.ru-ն: Նախագահը դեկտեմբերի 11-ի վիրահատությունից հետո ծանր վիճակում գտնվում է Հավանայի հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ նախագահի ծանր հիվանդութան պատճառով երդմնակալությունը հետաձգել են «մինչեւ նրա առողջացումը»: Ընդ որում, Չավեսը շարունակում է մնալ պետության ղեկավար. համապատասխան որոշումը կայացվել էր նախօրեին` Վենեսուելայի Ազգային ասամբլեայի եւ Գերագույն դատարանի կողմից:
Ներկայումս պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Հանրահավաքի ժամանակ նա համակիրներին կոչ է արել հանգստություն պահպանել։ Նաեւ հայտարարել է, որ ընդդիմությունն իրավիճակի ապակայունացման ծրագրեր է մշակում: Նա Չավեսին հավատարմության երդման տեքստ է կարդացել, որը կրկնել են տասնյակ հազարավոր մասնակիցները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուգո Չավեսին եւ Սահմանադրությանն աջակցող հանրահավաքին մասնակցել են նաեւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի ավելի քան տասը պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: Շատերը ելույթ են ունեցել` իրենց համերաշխությունը հայտնելով երկրի առաջնորդին, ընդգծելով նրա դերը Վենեսուելայի եւ լատինաամերիկյան տարածաշրջանի կյանքում: Ելույթ ունեցողների շարքում են եղել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, Սուրինամայի նախագահ Դեզիրե Բոուտերսեն:











