Մոսկվայի ոստիկանության օպերատիվ աշխատակիցները քրեական հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») սպանության տեսարանի եռաչափ ռեկոնստրուկցիան են ստեղծել:

Հիշեցնենք, արդեն ճշտվել է ենթադրյալ վայրը, որտեղից կրակել էին Ասլան Ուսոյանին: Մասնագետները նաեւ մարդասպանի ձեռքի ափերի հետքերն են գտել: Կրակոցները, ըստ ամենայնի, արձակվել են այն ռեստորանի դիմացի բնակելի շենքի հինգերորդ եւ վեցերորդ հարկերի միջանկյալ հատվածից, որտեղ գտնվում էր  Ուսոյանը:

Life News-ի տվյալով, քննությունը կարծում է, որ հանցագործն աննկատ է մնացել բանվորական արտահագուստի շնորհիվ. շենքի նախամուտքում վերանորոգում է ընթանում, եւ բնակիչները սովոր էին ներկոտ հագուստով անծանոթ մարդկանց ներկայությանը: Հանցանքի պահին շինարարները տարածքում չեն եղել:

Քննիչների նախնական տվյալներով, «Դեդ Հասանին» սպանել են հատուկ ծառայությունների զենքով՝  9 մմ տրամաչափի «Վալ» ինքնաձիգով (հատուկ ինքնաձիգ), որը միանգամայն անձայն է կրակում:

 «Նաեւ չի բացառվում, որ նախամուտքում թողած ծալովի աթոռակը, պարկուճները եւ հնոտիները բեմականացում են՝ ուշադրությունը շեղելու եւ մարդասպանին հանգիստ հեռանալու հնարավորություն ընձեռելու համար», - ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Ի զարմանս քննիչների՝ «Կարետնի դվոր» ռեստորանում, որը բավական շահութաբեր վայր է, ոչ մի նկարահանող տեսախցիկ չի եղել:

Հիշեցնենք, քրեական հեղինակության սպանությունը կատարվել էր չորեքշաբթի օրը՝ հունվարի 16-ին, ժամը երկուսի սահմաններում, երբ նա մոտենալիս էր եղել Պովարսկայա փողոցի № 52 շենքի բակում՝ «Կարետնի դվոր» եւ «Հին ֆաետոն» ռեստորանների մոտ կայանած իր Mercedes ավտոմեքենային:

Տեսանյութը՝  Life News-ի