Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 23-ին ընտրողների հետ հանդիպումները սկսելէ Էրեբունի վարչական շրջանից: Ի տարբերություն մնացած թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնակիցներին որոշակի վայրում չի հավաքում, ինքն է նրանց այցելում հանրային վայրերում, տոնավաճառներում, ատամնաբուժարաններում եւ պարզապես մոտենում է անցորդներին:
Հովհաննիսյանը հիմնականում առողջություն է մաղթում իր հնարավոր ընտրողներին, հետո կոչ է անում ընտրությունների օրը մասնակցել քվեարկությանը՝ անկախ նրանից, թե ում են ընտրելու: Նախընտրական քարոզչության ընթացքում Հովհաննիսյանը նաեւ հետաքրքրվել է շուկայի եւ փոքր խանութների առեւտրով եւ հարցրել, թե արդյոք հարկային ծառայությունները չեն ճնշում, ինչին առեւտրականները պատասխանել են, որ գնորդների թիվը գնալով նվազում է, քանի որ մարդիկ նախընտրում են օգտվել սուպերմարկետներից: Խանութների տերերի խոսքով՝ հարկայինի հետ կապված խնդիրներ չկան, այդ առումով իրենց ոչ ոք չի ճնշում:
Իրենց հերթին առեւտրային հատվածի ներկայացուցիչները Հովհաննիսյանից հետաքրքվել են, թե նրա ընտրվելու դեպքում հարկային ինչ արտոնություններ կլինեն: «Պետական բյուջեի բոլոր ավելորդ ծախսերը կկրճատվեն, տնտեսության 40% կազմող ստվերային հատվածը հարկատու կդառնա, եւ այդ փողերը կվերադարձվեն ժողովրդին՝ կենսաթոշակի եւ աշխատավարձի տեսքով: Բացի դրանից, փոքր բիզնեսը երկու-երեք տարով կազատվի հարկերից», - ասել է նախագահի թեկնածուն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am











