Եգիպտոսի մայրաքաղաքում իրավիճակը կրկին անհանգիստ է. Թահրիրի հրապարակում  հունվարի 25-ին բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել՝ նվիրված 2011թ. հեղափոխության տարեդարձին, որը հանգեցրել էր երկիրը 30 տարի կառավարած Հոսնի Մուբարաքի հրաժարականին:  Ընդդիմադիրների հանրահավաքն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: Ցուցարարները նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրել են հեղափոխության գաղափարները  դավաճանելու մեջ: Նրանք հայտարարել են, որ նույն կարգախոսով են պայքարելու, ինչ որ երկու տարի առաջ՝ «Հաց, ազատություն, սոցիալական ապահովություն», հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով BBC-ին:

Հիշեցնենք, 2012-ի դեկտեմբերի վերջին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հաստատել էր նոր Սահմանադրությունը, որին կողմ էին քվեարկել քաղաքացիների 63,8%-ը: Ընդդիմադիրները հայտարարել էին տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին:

Նոր Սահմանադրությունից հանվել է տղամարդու եւ կնոջ իրավահավասարության դրույթը,  իսկ հավաքների ազատության մասինօրենքում իշխանություններին պարտադիր իրազեկելու կետ է հայտնվել:

Որոշ հոդվածներ մնացել են անփոփոխ. Երկրում պետական կրոն է ճանաչվել իսլամը, օրենսդրությունն էլ հիմնված է Շարիաթի  սկզբունքների վրա: