ԱՄՆ-ի Միչիգան նահանգում 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է դիրբորնցի հայ հայտնի «երգող սենատոր», վետերան-քաղաքական գործիչ Ջորջ Զավեն Հարթը: Այդ մասին հայտնում է «Detroit Free Press»-ը:

Ջորջ Զավեն Հարթը ծնվել էր Դեթրոյթում: Նա Միչիգան նահանգի Սենատ էր անցել 1974թ. եւ ծառայել մինչեւ 2002թ.: Նախկին սենատոր  դեմոկրատ Արթուր Միլլերն ասել է, որ Հարթն է մշակել մեքենայի մանկական անվտանգության նստատեղի օրինագիծը, եւ անհնար է չգնահատել այն, թե քանի մանուկների կյանք է փրկվել շնորհիվ Հարթի առաջարկած նահանգային խիստ օրենքների:

Հայ գաղթականների որդի, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Հարթն Ուեյնի համալսարանն ավարտել էր 1949թ.՝ քաղաքագիտության բակալավրի աստիճան ստանալով: Ըստ նրա զարմուհի Մերի Քենֆիլդի՝  Հարթը մահացել է հունվարի 31-ին,  Նյու Մեքսիկոյի Ալբուկերկոյի հիվանդանոցում: Հարթն ունի երկու քույր՝ Ռոզա Հարությունյանը եւ Հելեն Լանդին, ինչպես նաեւ զարմուհի Մերի Քենֆիլդը: