Կար առանձին-առանձին պարտվելու տարբերակ եւ կա միասին հաջողության հասնելու տարբերակ, ինչը չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ շեշտելով, որ այսօր, վաղը հնարավոր է փոփոխություններ լինեն եւ չի բացառվում որեւէ պահի միասնական թեկնածուի ձեւավորումը:
Թեւե, նախագահի թեկնածուն շեշտեց, որ առանց միասնական թեկնածուի էլ հաղթանակի ճանապարհ կա եւ ինքն այժմ դրանով է զբաղված:
Նա տեղեկացրեց, որ մարդիկ, ում հետ պետք է քննարկեր միասնական թեկնածուի հարցը, մշտապես զբաղված են, այդ պատճառով էլ ինքը որոշեց հրապարակային ուղերձով դիմել նրանց, սակայն նրանք «խանդից, բարդույթից, թե չգիտեմ ինչից ելնելով» դա որակեցին գաղտնի բանակցությունների բացահայտում: « Մենք հանդիպում էլ չենք ունեցել, նման խոսակցություններ չեն եղել, ակնարկներ են եղել»,- ասաց նա:
Հայրիկյանը լրիվ արդարացնում է իր հրապարակային հայտարարություն անելը՝ նշելով, որ այդպես փորձում է ժողովրդին պատրաստել եւ տեղեկացնել:
Ի դեպ, Հայրիկյանը հաստատեց, որ Սերժ Սարգսյանը կիրակի օրն այցելել է իրեն, հետարքրվել առողջական վիճակով, սակայն ծրագրային կամ քաղաքական որեւէ լուրջ հարց չի քննարկվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











