ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հետաքննում է զանգվածային ֆլեշ-մոբի հանգամանքները, որը երիտասարդները կազմակերպել են հենց օդանավում` չվերթի ժամանակ: Քոլորադոյի քոլեջներից մեկի ուսանողների խումբը կրակոտ պար է բեմադրել Harlem Shake-ի հնչյունների ներքո: Մասնավորապես, հետաքննությունը փորձում է պարզել, թե արդյոք խախտվե՞լ են անվտանգության կանոնները թռիչքի ժամանակ:

Երիտասարդները թռչում էին Քոլորադո-Սփրինգս քաղաքից, տեղի Frontier Airlines ավիաընկերության չվերթով, հաղորդում է LifeNews-ը:

Ոչինչ չկասկածող ուղեւորները նկատել են, թե ինչպես է նեղ միջանցք դուրս եկել վառ գույնի կարճ շալվարով եւ սաղավարտով մի պատանի: Արդեն մի քանի վայրկյան անց նրան են միացել փաստացի օդանավում բոլոր գտնվողները: «Դա իսկական ապստամբություն էր օդանավում»,-նշել է ամենատարբեր հագուստներով երիտասարդներին հետեւող ականատեսներից մեկը:

Ֆլեշ-մոբի կազմակերպիչները պնդում են, որ նախապես ստացել են բորտուղեկցորդների համաձայնությունը: