Երեւանում ԱՄՆ դեսպանատան առաքելությունն այն է, որ օգնեն Հայաստանին` ժողովրդավարական, բարգավաճող եւ անվտանգ երկիր դառնալու ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը`իր տեսաբլոգում  ներկայացնելով  ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքները:

Նա հայտնել է, որ անցած տարվա դեկտեմբերին այցելել է Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Բոսթոնի եւ Նյու Յորքի հայ համայնքներ: Դեսպանի խոսքով` ԱՄՆ հայ համայնքը հետաքրքրված է հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներով:

«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են: Մեր առաքելությունն այստեղ այն է, որ օգնենք Հայաստանին` ժողովրդավարական եւ բարգավաճող երկիր դառնալու ճանապարհին: Մենք դա անում ենք ներքին բարեփոխումների աջակցելու ճանապարհով` Հայաստանին օգնելով տարբերակներ գտնել եւ կոչ անելով նայել դեպի Արեւմուտք: Դեսպանատունն ու իր գործընկերները  աջակցում են քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներին: Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին գտնել տարբերակներ, քանի որ ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ տալ կախված լինել միայն մեկ սահմանից կամ միայն մեկ գործընկերոջից»,- ասել է դեսպանը

Հեֆերնը նշել է, թե ԱՄՆ հայ համայնքը նաեւ հետաքրքրվել է, թե ինչով կարող են օգնել: ԱՄՆ-ը ցանկանում է խորացնել տնտեսական կապերը Հայաստանի հետ առեւտրի եւ ներդրումների միջոցով, ասել է նա` մասնավորապես նշելով ամերիկյան ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտում:

«Ընդհանուր արժեքները իրական գործընկերության հիմք են, ուստի մենք շարունակելու ենք աջակցել բարեփոխումներին: Հայ պաշտոնյաները ձգտում են ԱՄՆ-ի հետ ավելի մեծընդհանուր առեւտրի եւ ներդրումների: Ես համաձայն եմ: Ջանքերի բանալին բիզնես միջավայրի բարելավումն է, ավելի շատ մրցակցությունը, թափանցիկությունն եւ օրենքի գերակայությունը: Դեսպանատունն աշխատում է հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի գործընկերների հետ` բոլոր այդ ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու համար»,- հավելել է նա: