Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունելի է համարում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի առաջարկը, որ խորհրդարանի ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է վայր դնեն մանդատները: Այդ մասին Հովհաննիսյանը հայտնել է Ազատության հրապարակում այսօր` մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշեց, որ երեկ` մարտի 12-ին Արամ Սարգսյանն այցելել է իրեն եւ հայտնել երեք առաջարկների մասին` հացադուլի, ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վայր դնելու եւ ուրաբթօրյա հանրահավաքին հրապարակը հնարավորինս շատ քաղաքացիներով լցնելու մասին: «Ուրախ եմ, որ պարոն Սարգսյանը եկավ: Նա ինձ տեղյակ պահեց երեք կետերի մասին, առաջինն արդեն կատարվել է, երրորդը կտեսնենք ուրբաթ օրը, թե որքանով կհարաբերվեն հրապարակն ու քաղաքացիները: Ինչ վերաբերում է երկրորդ կետին, որպես առաջարկ եւ հայեցակետ ընդունելի է, եթե ընդդիմադիր բոլոր խմբակցությունները դուրս գան, շատ շուտով պիտի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ նրանք ովքեր փոքրամասնության մեջ են, պիտի լինեն մեծամասնություն»,- նշեց Հովհաննիսյանը, բայց հավելեց. «Դա ժամանակի ընտրության եւ տեխնիկական տեսակետից երկրորդական է, որովհետեւ մենք համալիր լուծումների ենք գնում»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











