Այս պահի դրությամբ, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) եւ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») Ազատության հրապարակում բանակցություններ են վարում ոստիկանների հետ՝ հրապարակին կից խոտածածկ տարածքում վրան տեղադրելու համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը դիմել էր քաղաքապետարան՝ մեկական վրան եւ անձրեւանոց տեղադրելու համար: Քաղաքապետարանից ստացել են պատասխան, ըստ որի՝ մերժել են վրան տեղադրելու վերաբերյալ դիմումը, փոխարենը թույլատրել են երեք քառոտանի անձրեւանոց տեղադրել:
Քաղաքապետարանը մերժել է թույլ տալ վրան տեղադրել ասֆալտապատ տարածքում, քանի որ այն պատմամշակութային համալիր է: Ելնելով դրանից, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները վրանը տեղադրում են հարակից կանաչապատ տարածքում, որտեղ սրճարաններ են կառուցված:
Երբ «Ժառանգության» ներկայացուցիչները փորձում էին վրանը տեղադրել, սկսվեց հրմշտոց ոստիկանների եւ նրանց միջեւ, քանի որ վերջիններս թույլ չէին տալիս դա անել՝ պատճառաբանելով, թե ցույց տվեք թույլտվությունը: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչները նշում էին, որ այն, ինչը արգելված չէ, թույլատրվում է, իսկ կանաչապատ տարածքում վրան տեղադրելն արգելված չէ:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուզեն, թե չուզեն, իրենք վրանը տեղադրելու են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











