Կառավարության կազմում կադրային փոփոխություններ կլինեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե այդ փոփոխություններն էակա՞ն են լինելու, նա արձագանքեց. «Էականը շատ հարաբերական է: Հիմա երկու նախարար որ փոխվի, դա էակա՞ն է, թե՝ ոչ: Եկեք չշտապենք եւ սպասենք»:
Ինչ վերաբերում է վարչապետի փոփոխության հնարավորության մասին հարցին, Աբրահամյանը խորհրդավոր պատասխան տվեց. «Գիտեմ, բայց թույլ տվեք չասեմ»:
Անդրադառնալով Ծիծեռնակաբերդում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքին, նա ասաց, որ անձամբ չի տեսել, բայց լսել է: Աբրահամյանը նշեց, որ ինքը դատապարտում է Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպը, քանի որ դա հարիր չէ մեր ժողովրդին: «Ամեն ինչ պետք է խաղաղ քննարկումների, բանակցությունների ճանապարհով լինի: Դուք էլ եք նպաստում: Ի՞նչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալություն: Օրինակ, ինչի՞ եք նման բան ասում: Նման բան գոյություն ունի՞ ընդհանրապես: Ինչ երդմնակալության մասին է խոսքը: Դուք էլ եք կատակով վերաբերում այդ երեւույթին, ինչը ճիշտ չէ: Լուրջ պետք է վերաբերենք յուրաքանչյուր քաղաքական գործընթացի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը կիսում է այն տեսակետը, որ ժողովուրդը հիասթափվեց Րաֆֆի Հովհաննիսյանից, ինքը՝ եւս: «Ակնկալում էի, որ մեր առաջարկը, որը արվեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ընդունվեր, նա դառնար Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ եւ լուրջ ռեֆորմներ իրականացնեին ապագայում, մեր երկրի, ժողովրդի համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ առաջարկն արդեն իրեն սպառել է, նա արձագանքեց, որ այսքան անօրինականություններից, անլուրջ քայլերից հետո կարելի ձեւակերպել, որ սպառված է, սակայն լրացրեց, որ դա նախագահի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշելիքն է: Ի դեպ, ըստ Հովիկ Աբրահամյանի, բախումներից զերծ մնացինք ոստիկանության եւ ոստիկանապետի շնորհիվ:











