Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ ապրիլի 13-ին, մեկնարկել է Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը (ֆոտոռեպորտաժ):

Համագումարից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ համագումարին հրավիրված է 1100 պատվիրակ, մնացածը հրավիրյալ են: Մեր հարցին, թե որ քաղաքական ուժերին են հրավեր ուղարկվել, նա նշեց, որ հրավիրված են բոլոր այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել իրենց հետ, սակայն անուններ չասաց: Մյուս դիտարկմանը, թե օրինակ խորհրդարանական ուժերից  ում չեք հրավիրել, կամ արդյոք ՀԱԿ դաշինքի նախկյին անդամ կուսակցությունները ներկա կլինեն, ՀԱԿ խմբակցությունը ամբողջ կազմով, մասնավորապես՝  Նիկոլ Փաշինյանը կլինի դահլիճում, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ ամենը կտեսնենք: Ի դեպ,  դահլիճում ՀՅԴ-ից ներկա է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, իսկ ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը:

Համագումարի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝  ՀԱԿ կուսակցության կանոնադրության հաստատում, ծրագրի ընդունում, կուսակցության նախագահի, վարչության, վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն:  Համագումարը նախատեսվում է տեւել մինչեւ ժամը 17.00-ն:

Քիչ առաջ դահլիճ մտավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ներկաները նրան դիմավորեցին ծափողջյուններով եւ «Լեւոն, «Լեւոն» բացականչություններով: Համագումարը վարող Արամ Մանուկյանը նշեց, որ դահլիճում այս պահին գտնվում է 900 պատվիրակ:

Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ դահլիճում ներկա է ՀԺԿ-ն՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբբ, ՍԴՀԿ-ն՝ Լյուդմիլա Սարգսյանի, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանի, ԲՀԿ-ն՝ Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ նախաձեռնություններ, դիվանագետներ, արտասահմանից հյուրեր, մտավորականներ եւ այլն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am