Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմադիր հայմագումարին ներկա չեն ՀԱԿ դաշինքի անդամ մի շարք կուսակցություններ, ինչպես նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը:
NEWS.am-ի թղթակիցը համագումարին ներկա ՀԱԿ-ականներից փորձեց ճշտել, թե արդյոք դահլիճում իրենք եւս չեն նկատում Նիկոլ Փաշինյանին, Հրանտ Բագրատյանին եւ ՀԱԿ դաշինքի կուսակցություններին ներկայացուցիչներին, ինչին ի պատասխան, նրանք հայտնում էին, որ այո, չեն նկատել: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ դաշինքի կուսակցությունների ներկայացուցիչները ներկա են, ինչպես օրինակ Վլադիմիր Կարապետյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը: Հարցին, թե ինչու ներկա չեն Պետրոս Մակեյանը, Սսո Գիմիշյանը, եւ արդյոք հրավիրվել են, նա չպատասխանեց, այլ ճշգրտող տոնով ասաց՝ «նրանք հիմա ուրիշ ցուցակում են»:
Հնարավոր չէ պարզել, թե որ կուսակցություններին կամ անհատներին են հրավեր ուղարկվել, քանի որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քանիցս կրկնում է նույն պատասխանը՝ «հրավիրվել են այն կուսակցությունները եւ անհատները, ովքեր պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ»: Ի դեպ, խորհրդարանական ուժերից համագումարին ներկա են ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, պարզ չէ՝«Ժառանգությանը» հրավեր ուղարկվել է, թե ոչ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











