Այսօր՝ ապրիլի 20-ի գիշերը, Վանաձորում կամրջից գետն ընկած մեքենայի վարորդը տեղափոխվել է Երեւան: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վանաձորի բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Էդիկ Գյոկչակյանը, նշելով, որ իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Աշոտ Ապրեսյանը:

«Նրա մոտ ախտորոշվել է քթի ոսկրերի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, գլխուղեղի ցնցում. վերջին երկուսը հաստատված չէ»,-ասաց նա, հավելելով, որ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես լուրջ հետազոտման անհրաժեշտություն կա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր, ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 00.13-ին, Լոռիի մարզի Օձուն գյուղի բնակիչ 22-ամյա Աշոտ Ապրեսյանը, վարելով Mercedes մակնիշի 34 PO 786 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքում՝ «Թթուջուր» կոչվող տարածքում, դուրս է եկել ավտոմեքենայի երթեւեկելի գոտուց եւ մոտ 3 մետր բարձրությունից ավտոմեքենան շրջվելով գլիխվայր՝ հայտնվել է գետում:

Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը քաղաքացիները մեքենայից դուրս են բերել վարորդին եւ տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Լոռիի մարզի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝Էդվարդ Արզումանյանի