Ապրիլի 19-ին Ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Երեւան քաղաքի վարչության եւ ենթակա բաժիները: Խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ ավագանու ընտրություններին օրինականության  եւ հասարակական կարգի պահպանմանը, դրա հետ կապված ոստիկանությանը առաջադրված խնդիրները:

«Զրույցները պետք է ըստ պատշաճի անցնեն, որովհետեւ արդեն վարկաբեկման թեմաները սկսել են, որպես կանոն թիրախ է ընտրվում ոստիկանությունը, այդ ժամանակը ցույց տվեց, որ ուշացած եւ հին տեխնոլոգիաներ են, ոստիկանության վրա բարդել եւ ոտսիկանության հաշվին դիվիդենտներ շահելը չաշխատեց եւ չի աշխատելու այլեւս, որովհետեւ ոստիկանությունը աշխատում է պարզ եւ ճշմարիտ»,- ասել է նա:

Վլադիմիր Գասպարյանը շեշտել է, որ բոլորը պետք է իրենց  արած գործից բավարարված լինեն, նախորդ ընտրությունների ժամանակ տեղ գտած թերությունները չպետք է կրկնվեն, այլապես ինքը կհամարի, որ այդ ղեկավարը չի տիրապետում վիճակին:

Ոստիկանապետը պահանջել է բացառել կրիմինալի եւ այլ երեւույթների կուտակումները տեղամասերում, ուշադրություն դարձնել բոլոր ահազանգերին, հայտարարություններին առ այն, որ գյուղերից մարդկանց, քաղաքացիների են բերում գրանցում: Նրա խոսքով` այլեւս չի կարելի հանդուրժել, որ ամեն մեկը իր քարոզարշավը կառուցի ոստիկանության վրա, իսկ այն աշխատակիցները, որոնք կթերանան, սխալներ թույլ կտան, խստագույնս կպատժվեն: