Երեւանում, այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 20-ին, Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով սգո երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ):

Պետական դրոշներով եւ պաստառներով հազարավոր մարդիկ հավաքվել էին  Ազատության հրապարակում` կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մարդիկ իրենց բողոքն են հայտնում Թուրքիայի քաղաքականության կապակցությամբ, որը շարունակում է մերժողական քաղաքականությունը` ժխտելով տասնյակ պետությունների կողմից ճանաչած անցած դարի առաջին ցեղասպանությունը:

Մինչ երթի մեկնարկը` երիտասարդությունն, ավանդույթի համաձայն, հրապարակավ այրեց Թուրքիայի դրոշը, իսկ հետո սկսվեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երեւանում ջահերով երթն անցկացվում է արդեն 14-րդ անգամ: Նմանօրինակ ակցիաներ տեղի են ունենում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, աշխարհի շատ քաղաքներում:

Նշենք, որ աշխարհի շատ քաղաքներում ապրիլի 24-ին պատուհաններին տեղադրում են վառվող մոմեր` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հիշեցնենք, որ ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ: Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թ-ին: Նրա օրինակին հաջորդել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Ուելսը եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ Վատիկանի, Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության կողմից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am