Եթե երկիրը գնում է ժողովրդավարացման եւ համամարդկային արժեքների բարձր գնահատման ճանապարհով, նա պարտավոր է ընդունել այս ոճրագործությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին։ Նա հույս ունի, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Դեսպանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կան տարբեր պատմական վկայություններ, այդ ժամանակվանից մնացած զգացողություններ, որոնց հետ ինքն ամեն տարի հաղորդակցվում է, ամեն տարի այս օրը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, կիսում է հայերի վիշտը։

Նշենք, որ Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը: