Մարդկանց հոսքը անհամեմատ պակաս է նախորդ տարիներից ու սա արտագաղթի հետեւանքն է: Այս մասին, այսօր ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը։

«Չգիտեմ իշխանությունն ինչ է անում, բայց հիմա իմ մեջ այլ զգացմունքներ կան. առաջին անգամ է, որ բարձրանում եմ Ծիծեռնակաբերդ, ու մարդկանց հոսքը անհամեմատ պակաս է նախորդ տարիներից՝ սկսած 88-ականներից։ Սա նրա պատասխանն է, ինչ որ անում է իշխանությունը մեր երկրի քաղաքացիների նկատմամբ, որի արդյունքում ժողովուրդը արտագաղթում է։ Մենք իրականում ամեն ինչ պետք է անենք, որ Ցեղասպանությունը ճանաչվի, ավելին՝ ոչ թե խոսքեր պետք է լինեն, այլ փաստեր: Ես այս պահին իմ տեղը չեմ գտնում, այսպես չպետք է լիներ։ Սա նաեւ մեր նախընտրական քարոզչության ժամանակ ստացած տեղեկությունների պատասխանն է, երբ դռնեդուռ քարոզարշավ իրականացնելիս 40-50 տոկոսը դուռը չի բացում: Սա խոսում է այն մասին, որի մասին մենք ահազանգում էինք, որ երկիրը դատարկվում է, իսկ այս պահին կարեւորն այն է, որ մեր երկրի քաղաքացին այս պահին այստեղ չէ։ Հասկանում եք, ամեն ինչ անելու ենք, որ աշխարհն ընդունի Ցեղասպանությունը, դա անհերքելի փաստ է, քանի որ Ցեղասպանությունը մեր մեջ է. Մենք որտեղ էլ լինենք, Ստամբուլում, Լոնդոնում, Նյու Յորքում կամ Կարսում, այդ զգացմունքները մեր մեջ են, բայց երբ չկա Հայաստանում ապրող քաղաքացին, վտանգը սա է: Մենք երեք միլիոն էլ չենք, հինգ միլիոն պիտի լինենք, ինչքան պակասում է մեր ձայնը, այնքան ավելի թույլ է հնչում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում առկա է իշխանության թուլությունը, քանի որ այն չի ընտրվել ժողովրդի կողմից եւ չի կարողանում վստահ քայլեր իրականացնել»,-ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am