ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը մյուս քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերից տարբերվում է նրանով, որ դրանում առաջարկվում է ընդդիմության ղեկավարությամբ Երեւանի ավագանու քաղաքի բյուջեն վերահսկող հանձնաժողով ստեղծել: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված Ռուզաննա Առաքելյանը:
Նրա խոսքով` ցավոք սրտի, հայ ազգն արդեն երկրորդ անգամ Երեւանի ավագանու ընտրություններն անձի հետ է կապում: «Շատերը նույնիսկ չգիտեն ցուցակները գլխավորած անձանց, նրանց թվում է, թե պետք է ներկայիս քաղաքապետին վերընտրեն»,- նշել է Ռուզաննա Առաքելյանն՝ ընդգծելով, որ բոլոր կուսակցությունները պարտավոր են համոզել ժողովորդին, որ այս քաղաքական ընտրությունները բացառիկ իմաստ ունեն: «Երեւանի զարգացման ամբողջ հեռանկարն ու պատասխանատվությունը հաղթող կուսակցության ուսերին է ընկնելու»,-հիշեցրել է ՀՅԴ անդամը: Նա նաեւ հայտնել է իր մտահոգությունը քաղաքում տիրող վախի մթնոլորտի վերաբերյալ:
«Մենք ենթադրում ենք հետեւյալը. եթե ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու խորհրդում կոալիցիա ստեղծվի, եւ քաղաքապետ դառնա դրա ղեկավարը, ապա Երեւանի բյուջեն վերահսկող հանձնաժողովի ղեկավարումը ընդդիմադիր ուժերի ձեռքում կհայտնվի»,- ասել է Ռուզաննա Առաքելյանն՝ ավելացնելով, որ այդպիսով քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռությունն ապահովված կլինի, եւ քաղաքական մշակույթի զարգացման հարցում առաջխաղացում կգրանցվի:











