Հայաստանի կառավարության շենքրը դեռեւս շրջափակված է ոստիկանների շղթայով: Ավելի վաղ հաղորդել էինք, որ այստեղ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ բանակի Նոյեմբերյանի զորամասում զինվոր Լյուքս Ստեփանյանի սպանության:
Ակցիայի մասնակիցները պահանջում են կարգուկանոն հաստատել զինված ուժերում, խիստ պատժի ենթարկել բոլոր մեղավորներին: Դեռեւս կառավարության շենքից ոչ ոք դուրս չի եկել եւ չի հանդիպել ակցիայի մասնակիցների հետ:
Կառավարության շենքի մուտքը հսկում են ոստիկանական ջոկատները, իսկ հարակից հրապարակում հերթապահում են ոստիկանական այլ ջոկատներ: Այստեղ են նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու ոստիկանության ՊՊԾ պետ Վալերի Օսիպյանը:
Բողոքի գործողության ակտիվորեն մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության անդամները: «Ժառանգության» վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ նման միջադեպերի մեղավորն իշխանություններն են: Նրա խոսքով՝ բանակում նմանատիպ միջադեպերի թվի աճը սարսափելի պատկեր է ստեղծում եւ լուրջ խնդիր առաջացնում հասարակության մեջ:
Ակցիային մասնակցում են բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները: Նրանք սեւ ժապավեններ ու սպիտակ մեխակներ են պակել ծառերից: Բողոքի մասնակիցների թիվն աճում է, նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լիներ, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, ինչպես նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:
Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում նրանց ճանապարհը փակել են զինվորականներ ու ոստիկանները եւ ոստիկանների ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատների միջեւ բախում է տեղի ունեցել: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:
Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ:
Վերջիններս փորձել են սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել, որ Երեւան չգան, հետ վերադառնան եւ վստահեցրել, որ սպանությունը կբացահայտվի:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, սպանված զինվորի ծնողները, որոնք մտադիր էին դիակը բերել Երեւան կառավարության շենքի մոտ, որոշել են հետ վերադառնալ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











