«Մինչեւ հիմա ոչ ոք իմ տուն չեկավ, իմ սիրտը լիքն էր, դրա համար էլ ես այդպիսի բան արեցի, պետք է իրենք շուտ գային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բանակում Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը, ով այսօր է հուղարկավորել որդուն:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշել էին ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի, որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց, սակայն րանց ճանապարհը փակել են զինվորականներն ու ոստիկանները:
«Իրենց ասածները մեկը մյուսին չի համապատասխանում: Ինձ ոչ ոք հստակ բան չէր ասում, դրակ համար էլ ես այս ծայրահեղ քայլին դիմեցի: Ես իմ երեխուն անատոմիկից բերեցի, որ տանեմ թաղեմ, բայց կոնկրետ բան չիմացա, դրա համար էլ այս ծայրահեղ քայլին գնացի: Մեկն ասում է Լյուքսն էդ պահին գիրք էր կարդում, մյուսն էլ լրիվ ուրիշ բան է ասում»,-ասաց Լյուքսի հայրը:
Անդրադառնալով Սեւան-Երեւան մայրուղու վրա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը, նա նշեց. «Նախարարը ճանապարհի կեսից եկավ մեզ միացավ: Եթե պիտի գար, ինչո՞ւ շուտ չէր գալիս: Մինչեւ հիմա ոչ ոք իմ տուն չեկավ: Իմ սիրտը լիքն էր, դրա համար էլ ես այդպիսի բան արեցի: Պետք է իրենք շուտ գային»:
Աշխարհիկ Ստեփանյանը նաեւ դժգոհեց ուժային կառույցների կողմից իրենց խոչընդոտելու, տարբեր տեխնիկաների միջոցով ճանապարհը փակելու դեմ: «Ճանապարհը փակեցին, մեր մեքենան էլ շուռ էին տալիս, դիակն ու դագաղը մեջը: Ռազմական ոստիկանության մեքենան եկել խփել է մեր մեքենային: Ինչ տեխնիկա ասես, որ չհանեցին մեր դեմ, դրա համար էլ նախարարին պահանջեցինք»,-ասաց նա:
Լյուքս Ստեփանյանի եղբոր փոխանցմամբ՝ Լյուքսը բնավորությամբ հանգիստ տղա էր, պարապում էր, ուզում էր բանակն ավարտելուց հետո ընդունվեր ոստիկանության ակադեմիա եւ ոստիկան դառնալ:
Կատարվածի մասին հարազատներին տեղյակ են պահել գիշերը ժամը 24:00-ին, այնինչ դեպքը տեղի է ունեցել ցերեկը ժամը 15-ի սահմաններում: Հարազատների պնդմամբ՝ մինչ այս պահը ոչ ոք չէր եկել ցավակցելու: «Եկել 100 մանեթ թուլափայ էին տվել, իսկ էսօր եթե մենք չգնայինք նման քայլի, ոչ էլ կգային, ոչ էլ մեզ բանի տեղ կդնեին: Էսօրվա իրենց գալու մեջ իմաստ ու արդյունք չկա: Այդպես էլ մենք լիարժեք բան չիմացանք»:
Համագյուղացիներն ու հարազատները նշում են, որ Լյուքս Ստեփանյանն իր ծառայության համար բանակի կողմից արժանացել է պատվոգրերի, բնավորությամբ հանգիստ էր, որեւէ մեկի հետ երբեք վիճաբանության մեջ չէր մտնում:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











