ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իր պաշտոնավարման «երրորդ» ժամկետի 25 ձեռքբերումների ցանկը, որում ներառել է նաև իր միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը։
Որպես առաջին կետ՝ ԱՄՆ նախագահը նշել է «պատմության մեջ ամենաանվտանգ սահմանի» ապահովումը։ Նրա խոսքով՝ վերջին 16 ամիսների ընթացքում որևէ ապօրինի ներգաղթյալ մուտք չի գործել ԱՄՆ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը Թրամփի ցուցակում զբաղեցրել է 21-րդ տեղը։
«Մեր 12 ամիսների ընթացքում պատմական խաղաղ համաձայնագրերով կարգավորել ենք մոլեգնող ութ պատերազմ, այդ թվում՝ Գազայի հակամարտությունը», — նշված է Թրամփի հրապարակած ձեռքբերումների ցանկում։
Ցուցակի առաջին երեք կետերում, սահմանների անվտանգության ապահովումից զատ, ներառվել է նաև «Լեյքեն Ռայլիի մասին» օրենքը, որը Թրամփը ստորագրել էր 2025 թվականի հունվարին։ Այն ներգաղթային դաշնային իշխանություններից պահանջում է կալանավորել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող այն օտարերկրացիներին, որոնք մեղադրվում են որոշակի հանցագործությունների, այդ թվում՝ գողության և ավազակության մեջ։ Օրենքն անվանվել է Ջորջիա նահանգից 22-ամյա ուսանողուհի Լեյքեն Ռայլիի պատվին, որը սպանվել էր 2024 թվականի փետրվարին։
Այս օրենքը նաև ընդլայնում է նահանգային իշխանությունների կողմից ներգաղթային դաշնային մարմինների որոշումները բողոքարկելու հնարավորությունները։
Որպես երրորդ կետ՝ Թրամփը նշել է վերջին 125 տարվա ընթացքում (սկսած 1900 թվականից) ԱՄՆ-ում սպանությունների մակարդակի ռեկորդային նվազումը։
Իսկ Իրանին հասցված հարվածները ԱՄՆ նախագահը տեղադրել է իր ցուցակի 11-րդ հորիզոնականում։
Այս կետում Թրամփը նշել է․ ««Կեսգիշերային մուրճ» և «Էպիկական ցասում» գործողություններով ոչնչացրել եմ Իրանի՝ ուրան հարստացնելու հնարավորությունը, որպեսզի թույլ չտանք այդ երկրին երբևէ միջուկային զենք ունենալ»։




























