Երեւանի «Արամե» պատկերասրահում, մայիսի 18-ին, բացվել է հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ)։
Ցուցահանդեսը նվիրված է պատկերասրահի հիմնադրման 10-ամյակին։ Ներկայացված է 27 ժամանակակից հեղինակների շուրջ 60 աշխատանք՝ 44 գեղանկար եւ 15 քանդակ: Ֆիգուրատիվ արվեստի հետ մեկտեղ ներկայացված են նաեւ ժամանակակից աբստրակցիոնիստների գործեր, ինչն ավելի ամբողջական պատկերացում է տալու հայ արդի կերպարվեստում տեղի ունեցող գործընթացների եւ նոր զարգացումների մասին:
Արվեստասեր հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու մեր ժամանակակից ճանաչված ստեղծագործողների՝ Ռոբերտ Էլիբեկյանի, Ռուբեն Աբովյանի, Սարգիս Համալբաշյանի, Էմիլ Գազազի, Գաբրիել Մանուկյանի, Տարոն Մուրադյանի,Արմեն Գևորգյանի, Տիգրան Մատուլյանի, Ռուբեն Գրիգորյանի եւ այլոց նոր աշխատանքներին:
Հեղինակներից յուրաքանչյուրը վառ ու ինքնատիպ անհատականություն է, որի ստեղծած արվեստը հնարավոր չէ շփոթել որեւէ այլ հեղինակի հետ: Նրանցից շատերը ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, արտերկրի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու պատկերասրահներում եւ նրանք արդեն իրենց արժանի տեղն են գրավել հայ արվեստի հարուստ տարեգրության մեջ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, արվեստի հայտնի գործիչներ։











