Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատ հուշահամալիր այցելելուն պես նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հետ  ինչ-որ հարց էին բուռն քննարկում, եւ տպավորություն էր,թե նրանք վիճում են: Մի քանի լրագրողների հետ զրույցում Հասմիկ Պողոսյանը պարզաբանեց, որ իրենք չէին վիճում, այլ հարց էին քննարկում: «Այսօրվա տոնակատարության շրջանականներում պետք է լինի պարային համույթների երթ շրջաններից դեպի Ազատության հրապարակ: Խնդիրն այն էր, որ ժամը ճշտված չէր ուղարկված հաղորդագրության մեջ, ժամը 18.00-ին Առնո Բաբաջանյանից Հյուսիսային պողոտայով երթ է լինելու դեպի Օպերայի հրապարակ, որտեղ բոլոր մարզերի համույթները ելույթ են ունենալու, մասնակցելու են համընդհանուր ուրախությանը, տոնական հրավառությանը»,- ասաց նա:

Խոսելով օրվա խորհրդի մասին` Հասմիկ Պողոսյանն ասաց, որ ամենակարեւոր դասն այն է, որ պետք է երբեք պառակտված չլինենք: «Եթե ասեմ, որ հիմա դա տեսնում եմ, ճիշտ չի լինի,բայց հույս ունեմ, որ ամեն տարի արժեւորելով հատկապես առաջին հանրապետության օրը, մենք, ի վերջո, մեր մտքերի, գաղափարների, վարվելակերպի մեջ կմտցնենք այդ տարրը, որ պետք է իրար հետ լինենք, միասին լինենք, վիճենք, բանավիճենք, բայց, ի վերջո, կհասկանանք, որ բոլորիս շահը մեկն է, բոլորս ուզում ենք ունենալ ամուր, անկախ պետականություն»,- նշեց նախարարը:

Նա նշեց, որ իր մեկամսվա ամբողջական աշխատավարձը փոխանցել է կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար ստեղծված ֆոնդին: Հասմիկ Պողոսյանը չցանկացավ պատասխանել Փակ շուկային վերաբերող մեր հարցին, մասնավորապես, թե ինչ է լինելու Փակ շուկայի ճակատագիրը, հանդիպում եղել է շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ եւ այլն: 

«Տոնական օր է, թողեք մնամ տոնական տրամադրությամբ,եթե ինչ-որ ընթացք լինի, անպայման կասեմ: Դրանից հետո նոր հանդիպում չի եղել (նկատի ունի Սամվել Ալեքսանյանին-NEWS.am)»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am