Հայաստանի Երրորդ հանրապետության հիմքերը Առաջին հանրապետության գոյության մեջ են: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա համոզման` Առաջին հանրապետության դասերը շատ կարեւոր են: «20-րդ դարում հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել եւ ազգային արժեքների պահպանման հանդեպ իր նվիրվածությունը դրսեւորել: Կարծում եմ` դա ցանկացած ազգի պահպանման կարեւորագույն խնդիրներից է», - նշել է Գալուստ Սահակյանը:
Այսօր Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսին հայկական զորքերը եւ կամավորները կարողացել են կենաց-մահու մարտերում հաղթել ուժերով գերազանցող թուրքերին` չթողնելով նրանց շարժվել դեպի Երեւան: Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը:
95 տարի առաջ Հայոց ազգային խորհուրդը Թբիլիսիում հռչակել է Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի Առաջին հանրապետության կազմավորումը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am











