Այս տարի, իհարկե, կարկուտներն ավելի շատ էին, վնասները  եւս ավելի շատ էին: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նա նշեց, որ իր մեկ ամսվա աշխատավարձը`  300.000 դրամ, փոխանցել է կարկտահարությունից տուժածներին օգնելու համար ստեղծված ֆոնդին: Գյուղնախարարը վստահ է, որ այդ ֆոնդի գործունեությունը կմեղմի իրավիճակը, «դրանք ինքնաբուխ ֆոնդեր են մարդկանց օգնելու համար»:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության օրենքի բացակայությանը, նա նշեց, որ մեկ տարի է` զբաղվում են դրա մշակմամբ: «Կարելի է ասել, որ արդեն պատրաստ է, ներկա պահին լրամշակումներ են անում եւ շահագրգիռ մարմինների հետ քննարկում են, աշնանը ԱԺ-ն այն կքննարկի եւ տարվա վերջում կունենանք օրենք»,- ասել է նա:

Նա նշեց, որ ամեն օր որոշումներ են կայացնում եւ մեղմում են տուժած գյուղացիների իրավիճակը: «Սա մեկ օրվա խնդիր չէ, երկարատեւ աշխատանք է պահանջվում, յուրաքանչյուր հետ անհատապես եւ առաջիկայում կտեսնեք, թե գյուղացիներն ինչքան մեծ օգնություններ են ստանալու: Սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները հիմա կառավարությունը հավաքում է առաջնային օգնություն ցուցաբերելու համար`  հետո ոչ այնքան անապահով խավը, հետո ավելի բարձր եւ այսպես հերթականությամբ: Արդեն սկսվել ենք սերմեր բաժանել բանջարաբոստանային տնտեսություն ունեցողներին»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարը համոզված է, որ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներն իջնելու են, «հատկապես այն վարկային կառույցները, որոնք տարբեր միջազգային բանկային կառույցների դուստր ընկերություններ են, ավելի մեծ տոկոսադրույքով են վարկեր տալիս, համոզված եղեք այդ տոկոսները առաջիկայում կիջնեն»: «Ամենամեծ խնդիրն այն է, որ արտարժութային վարկերը լրիվ ձեւակերպվում են դրամական վարկերի, սուբսիդավորվող վարկերի, դառնում են 14 տոկոս, որի 4 տոկոսը պետությունը սուբսիդավորում է: Վարկերի մեծ մասը գյուղացիները բարձր տոկոսով են վերցում` մինչեւ 24 տոկոս, եւ արտարժույթով»: