Այսօր Երեւանում տեղի ունեցած հորդառատ անձրեւի պատճառով Լենինգրադյան 4 շենքը կրկին դարձել էր անանցանելի: Այդ մասին NEWS.am-ն ահազանգ է ստացել շենքի բնակիչներից:

Այս շենքը գտնվելով ավելի ցածր դիրքում վերածվել է լոգարանի, որտեղ կենտրոնանում են հարեւան շենքերի անձրեւաջրերը, որոնք լցվել են բակի նկուղային հատվածը` խարխլելով շենքի հիմքը:  Մի քանի տարի ձգվող պայքարից հետո անցյալ տարի հիմնովին վերանորոգվեց շենքը սպասարկող հեղեղատարը, ինչպես նաեւ կոյուղին: Սակայն ինչպես շենքի բնակիչներն են նշում, տվյալ պրոյեկտի անգրագետ նախագծման պատճառով խնդիրը հիմնովին լուծում չի ստացել:

Խնդիրն այն է, որ Հալաբյան փողոցի հեղաղատարի անսարքության պատճառով ամբողջ այդ ջրերը գալիս են հենց Լենինգրադյան 4 շենք, քանի որ, ոչ Հալաբյան 3, ոչ էլ Լենինգրադյան 2 շենքերի դիմաց չկա հեղեղատար:

Շենքի բնակիչներից մեկը հայտնել է, թե ահազանգել է ԱԻՆ, սակայն լսել է միայն դատարկ խոսքեր. «Ձեր ահազանգը փոխանցել ենք համապատասխան մարդկանց, նրանք հիմա կմոտենան»:

Շենքի բնակիչները մի քանի ցավալի փաստեր էին արձանագրում:

1. Կառավարությունը տրամադրում է ահռելի գումարներ բակերի հեղեղատարները վերանորոգելու համար եւ վերջում աչքաթող է անում,

2. Մեր ԱԻՆ-ը դեռեւս չի գտնվում համապատասխան բարձր մակարդակի վրա,

3. Մեկ անգրագետ նախագծողի պատճառով, այդքան ծախսած գումարը ջուրն ընկավ: