NEWS.am-ի Լոռիի թղթակցին նոր մանրամասներ են հայտնի դարձել  այսօր՝ մայիսի 30-ի կեսգիշերին, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետ կապված: Մեր թղթակցի հավաստի տեղեկություններով՝ «Օպել Աստրա» մակնիշի 35 ST 292 ավտոմեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Իսպիրյանն աշխատում է ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի Դաշնության  սահմանապահ զորամասերից մեկում որպես ավագ, իսկ նույն մեքենայի ուղեւորը՝ 23-ամյա Վահե Մկրտչյանը, ով տեղում զոհվել էր, աշխատում էր ՀՀ ՊՆ X զորամասում որպես ծառայության պետ: Զոհվածն Արմավիրի մարզից էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝  մայիսի 30-ին, ժամը 00:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում (ֆոտոռեպորտաժ): Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին միմյանց են բախվել «Օպել Աստրա» մակնիշի 35 ՏP 292 համարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Օպելա Աստրա»-ի ուղեւորը տեղում մահացել է, իսկ «Ֆորդ»-ի վարորդը եւ երկու ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Մեր թղթակցի փոխանցմամբ, «Օպել»-ի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում եւ Գուգարքի բաժնի  ոստիկանները նրան բաժին են տեղափոխել, քանի որ նա խանգարում էր քննիչների աշխատանքին:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները` Վարդան Նարգիզյանի եւ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում է եղել նաեւ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, որը իրականացրել է մեքենաների հովացման աշխատանքներ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանբմունքի քննիչ Պարույր Գրիգորյանը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am