Ստամբուլի ոստիկանությունը մայիսի 31-ի վաղ առավոտյան կոշտ միջոցներով ցրել է Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու պահպանման համար հերթապահող քաղաքացիներին։

Թուրքական Bianet.org կայքի փոխանցմամբ՝ ոստիկանները Ստամբուլի «Գեզի» այգի են մտել առավոտյան 05։00-ին եւ սկսել հերթապահող քաղաքացիների դեմ կիրառել ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։

Այգու պահպանման համար հերթապահող քաղաքացիներին ցրելու ժամանակ մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։

Գործողություններից հետո ոստիկանությունը փակել է «Գեզ» այգի տանոց բոլոր ճանապարհները։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածը ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Չնայած դրան, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։