Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոնում այսօր` հունիսի 1-ին ժամը 9.30-ին, մեկնարկել է պետական ավարտական եւ միասնական քննություն «Ռուսաց լեզու» առարկայից:
Քննակենտրոնի ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս կենտրոնում քննություն պետք է հանձնի 187 դիմորդ, կար 25 բացակա: Նա ասաց, որ դիմորդները քննություն են հանձնում շտեմարաններով, արդեն ծանոթ են դրանց եւ պետք է մատչելի լինի: Քննակենտրոնի ղեկավար հույս ունի, որ «Ռուսաց լեզվից» միջին միավորի շեմը չի նվազի, ընդհակառակը` կբարձրանա: Քննությունն սկսվելուն պես քննական թեստերը բացվեցին, բաժանվեցին դիմորդներին, իսկ ներքեւում սպասող ծնողները հնարավորություն ունեն հետեւելու քննության ընթացքին՝ տեղադրված մոնիտորների միջոցով: Այսօր «Ռուսաց լեզվից» քննություն հանձնողների մեջ մեծ թիվ էին կազմում ռազմական ուսումնական հաստատությունների սաները, որոնք պատրաստվում են ուսումը շարունակել Ռուսաստանում:
ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոն էր այցելել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախ, նա ողջունեց դիմորդներին, ապա` հերթով մոտեցավ, հետաքրքրվեց, թե ով որտեղ է դիմել, ինչպես է պատրաստվել եւ ինչ տրամադրություն ունի: Դիմորդները նախարարին հարցեր չունի, Արմեն Աշոտյանը նրանց առաջարկեց «իր օգնությունը»` ասելով. «Ուզո՞ւմ եք թեստերը բացվեն, հարցեր լինեն, ասեք օգնեմ, 8 տարի ռուսական դպրոցում եմ սովորել, գիտելիքներս կբավարարեն երեւի»:
Լրագրողների հետ զրույցից հետո նախարարը մոտեցավ դրսում սպասող ծնողներին, նրանց հետ քննարկեց ընդունելությանը վերաբերող մի շարք հարցեր: Նրանք նախարարից հետաքրքրվեցին, թե ինչպես են երեխաները: «Անհոգ եղեք, ինչքան երեխան գիտի, այնքան էլ կստանա, ինչ գիտի, գիտի»,- ասաց նախարարը` վստահեցնելով, որ հարցերը լինելու են ծրագրի շրջանակներում եւ դժգոհություններ ունենալու դեպքում կարող եք դիմել ԿԳՆ եւ ԳԹԿ, ամեն ինչ կլուծվի արդար եւ հօգուտ դիմորդի:
Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրին քննական շտեմարաններում սխալների, բարդ հարցերի, ոչ հստակ ձեւակերպումների վերաբերյալ, ինչին ի պատասխան նախարարը հայտնեց. «Ես քաղաքական գործիչ եմ, ինձ շատ է պետք, որ դուք ինձ հավանեք, հավատաք, վստահեք, ինձ, իմ կուսակցությանը: Ավելի հեշտ բան, քան ձեզ դուր գալ այս փուլում, ես չունեմ: Դնեմ ամենահեշտ հարցերը, երեխու անունը կարդացեք, տեսեք 20 է ստացել, գնացեք մի հատ էլ նշեք հարեւաններով, ուրախացեք, կտեսնեք 3 հատ 20-ով երեխան ոչ մի տեղ չի ընդունվի: Հարցերը պետք է լինեն բարդ, միջին, հեշտ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հավաքվածներին շատ մտահոգում էր «Հայոց լեզու» առարկայի թեստերը, քանի որ շտեմարաններում ներկայացված առաջադրանքները բավականին բարդ են` ոչ հստակ ձեւակերպումներով: «Ես դպրոցում կանգնած եմ, ձեր կուսակցությունից եմ, ձեզ աջակցում եմ»,- ասաց ծնող-մանկավարժներից մեկը:
Անդրադառնալով «Հայոց լեզու» առարկայի շտեմարանին` նախարարը նշեց, որ հանրապետության լավագույն մասնագետները չեն կարողանում իրար հետ աշխատել, 4 տարի է` առիթ են ման գալիս իրար վիրավորելու, «ինչ անեմ ես, ոնց գնամ իրենց բարիշացնեմ, որ կարողանան, հավաքվեն, գրեն միասնական մի ընդհանուր բան»: Արմեն Աշոտյանը խոստացել է, որ «Հայոց լեզվի» քննության առաջադրանքները կլինեն բացառապես ուսումնական ծրագրից, իսկ եթե հանկարծ քննությանը օրը` հունիսի 4-ին, պարզվի, որ այդպես չէ, այդ ժամանակ իրենք պատրաստ կլինեն որոշում կայացնել հօգուտ դիմորդների:











