Քիչ առաջ Մանկական երկաթուղում անցկացվող բարեգործական միջոցառմանը միացավ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա մանկական երկաթուղի էր այցելել իր 6-ամյա որդու` Հայկի հետ (ֆոտոռեպորտաժ):
Նախարարը մոտեցավ պաղպաղակ վաճառող հայտնի անձանց (քաղաքական գործիչներ, պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ), նրանցից պաղպաղակ գնեց եւ բարեգործություն արեց:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս օրը հիշում է իր մանկությունը, թե ինչպես ամեն տարի հունիսի 1-ին ծնողների հետ գնում էր մանկական երկաթուղի, մոնումենտի այգի: Նա պատմեց, որ մանուկ հասակում երազում էր ֆուտբոլիստ դառնալ, սակայն իր այդ երազանքը չիրականացավ: Այժմ միջնեկ որդին է ցանկանում ֆուտբոլիստ դառնալ:
Նախարարը փորձելու է ամեն ինչ անել, որ երեք որդիների օրը տոն դարձնի, սակայն հնարավորությունները այդքան շատ չեն, քանի որ այսօր աշխատանքային օր է:
Նշենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության նախաձեռնությամբ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը Մանկական երկաթուղու հարակից տարածքում կայանում է «Գնի’ր պաղպաղակ, օգնի’ր երեխաներին» բարեգործական ակցիան:
Քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի աստղերը պաղպաղակ են վաճառում, իսկ գոյացած ողջ հասույթը հատկացվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
NEWS.am-ը դիմել է պաղպաղակի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների: «Թամարա», «Բոնիլաթ» եւ «Աշտարակ կաթ» ընկերությունները, ծանոթանալով նախաձեռնությանը, մեծ պատրաստակամությամբ արձագանքել եւ պաղպաղակ են հատկացրել:
Ակցիան Մանկական երկաթուղու հարակից տարածքում կայանալու է հունիսի 1-ին, ժամը 12:00-ից 18:00-ը:
Ակցիային մասնակցում եւ պաղպաղակ են վաճառում, մասնավորապես, դերասան Ռաֆոն, երգչուհին Մարիանան, ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, դերասան Գնել Սարգսյանը («Անծանոթը» սերիալից) եւ այլք:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











