ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա՝ հունիսի 7-ին նիստում քննարկվել են ներքաղաքական, տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վարել է երկրի եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բնականաբար Սուրեն Խաչատրյանի հարցը քննարկել ենք: Կուսակցությունում առիթ ունեցել ենք մեր տեսակետը հայտնելու այդ խնդրի վերաբերյալ: Գործը գտնվում է նախաքննության փուլում եւ անկախ դիրքից ու պաշտոնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է Սյունիքի նոր մարզպետի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանեց. «Որեւէ նշանակման հարց չի քննարկվել: Դա մեր փոխարեն շատ ավելի լավ անում եք դուք՝ լրագրողներդ: Նույնիսկ բանը հասել է նրան, որ նշում եք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի զարմիկն է: Սերժ Սարգսյանը ցավոք զարմիկ չունի, քանի որ ոչ քույր, ոչ ել մորաքույր չունի»:
ՀՀԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ Սյունիքի մարզպետի թեկնածության հարցը կքննարկվի առաջիկայում:
Շարմազանովը նաեւ նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացվել է նաեւ ԱԱԽ նիստում Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, ինչպես նաեւ այն, թե ինչպես ավելի լավ լուծումներ տրվեն Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին:
«ՀՀԿ դիրքորոշումը ԼՂ հարցում մնում է անփոփոխ: Մենք ԼՂ հարցի խաղաղ հանգուցալուծման կողմնակիցն ենք եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվի»:
Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետաձգման հարցը, Շարմազանովը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել:
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում չի քննարկվել ոչ գազի սակագնի բարձրացման հարցը, ոչ էլ օֆշորային սկանդալը, ըստ որի վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Սամվել Կճոյանի եւ գործարար Աշոտ Սուքիասյանի հետ օֆշորում հաշիվ է բացել: «Նման հարցերը պետք է քննարկի դատարանը եւ որեւէ մեկը չպետք է իրավապահի ֆունկցիա ստանձնի՝ նախապես մարդկանց մեղավոր ճանաչելով»,-ասաց Շարմազանովը՝ կոչ անելով զերծ մնալ ծայրահեղական գնահատականներից:











