Քննությունների նման հանդարտ ընթացք ունեցել ենք անցյալ տարի եւ այն ամրապնդել ենք այս տարի, եթե տարիներ առաջ հանրությունը ապրում էր ընդունելության քննություններով, ապա այսօր չի ապրում, ծնողները համեմատաբար ավելի հանգիստ են։  Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Երեւանի թիվ 170 ավագ դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Առաջին փուլը ավարտում ենք հաջողությամբ, դա պայմանավորված է  այս գործընթացի հանրային դրական եւ բարձր ընկալումներով, բացասական լրահոսի, խոսակցությունների չնչին տոկոսով, երեխաների բարձր առաջադիմությամբ»,- հայտնեց նախարարը։

Նա նկատեց, որ սպասվածից շատ են բարձր գնահատականները հումանիտար առարկաներից, լեզուներից, ինչը նշանակում է, որ մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ է լինելու եւ անցողիկ միավորները բարձրանալու են հումանիտար մասնագիտություններով ֆակուլտետում՝  հատկապես անվճար տեղերի դեպքում։

«Սա հետեւանքն է այն բանի, որ իմ եւ ձեր հորդորներից հետո թեստերի հեղինակները ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ, քննական առաջադրանքների մի մասը չափից հեշտ են»,- ասաց նա՝ հավելելով, որ մի կողմից՝ չափից բարդ եւ հեշտ թեստերը խոչընդոտում են գործընթացը,  մյուս կողմից էլ՝ այժմ երեխաներն եւ ծնողները գոհ են, բարձր գնահատականներ են ստանում, բայց դա ազդելու է շեմի վրա։

Նախարարը նշեց, որ  մյուս տարի աշխատելու են ավելացնել շտեմարանների բազան, որպեսզի անգիր անելու հավանականությունները նվազեն, թեստերի կառուցվածքի մեջ կլինեն փոփոխություններ, որպեսզի դժվարացնեն առանց հասկանալու ճիշտ պատասխանը գտնելու հնարավորությունը։ Արմեն Աշոտյանը նկատեց, որ «քննությունները սթրես են, դրանից խուսափել չի կարելի, չենք կարող ամբողջ տարվա ընթացքում հոգեթերապեֆտիկ միջոցառումներ իրականացնել»։

Նշենք, որ հուլիսի 15-ից արդեն անցյալում կլինեն ընդունելության քննություններ-2013-ը, ցուցակները փակցված կլինեն բուհերում եւ դիմորդները կիմանան, թե որտեղ են ընդունվել։ Իսկ այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատականները, սակայն իրենց առաջին հայտերով չեն ընդունվել, կունենան հնարավորություն լրացուցիչ հայտ ներկայացնելու եւ թափուր տեղերում մրցույթին մասնակցելու։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am