Լոռիի մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղում հայտնված սողանքային երեւույթների պատճառով Շաքարյանների բնակարանը հայտնվել է փլուզման եզրին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, բնակության համար վտանգավոր այս տան ներկա վիճակը ակտիվացել է տարիներ շարունակ տան տակով հոսած գրունտային ջրերի ու անձրեւների պատճառով: Վերջին մեկ ամսում ճաքերն ավելի են լայնացել, փլման վտանգն էլ`մեծացել:
Տանտերերի փոխանցմամբ՝ առանձնատան պատերին ճաքերը հայտնվել են դեռ երկրաշարժից հետո ու շարունակվում են խորանալ մինչ օրս: Թե սեյսմիկ ծառայությունը եւ թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը եկել ուսումնասիրել են բնակարանը ու տանտերերին տեղեկացրել, որ տունը վթարային է, բնակության համար ոչ պիտանի, սակայն Շաքարյանների 6 անձից բաղկացած ընտանիքը շարունակում է բնակվել այս տան մեջ:
Տան պատերը իրարից բավականին հեռացել են, պատերի մի մասը պահում են հենասյուները, հակառակ դեպքում այն կփլվի, հատակը եւս տեղահան է եղել: Տան տիրոջ փոխանցմամբ իրենք դիմել են պատկան մարմիններին, խոստացել են հնարավորության սահմաններում լուծել նրանց բնակարանային հարցը, սակայն թե երբ նրանք դուրս կգան բնակության համար այսքան վտանգավոր տնից, դեռ պարզ չէ: Հստակ է միայն այն, որ տունը ցանկացած պահի կարող է փլվել, ինչը ողբերգական ավարտ կարող է ունենալ: Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարյանի խոսքով համայնքի բյուջեով հնարավոր չէ տան տերերին նոր տուն տեղափոխել, քանի որ բյուջեն բավական փոքր է, իրենք կարող են միայն նոր բնակարան վարձակալել, իսկ վարձը կփոխանցի համայնքը:
Նշենք, որ խարխուլ այս առանձնատանը Շաքարյաններն ապրում են 6 անձով, որոնցից երկուսը`հաշմանդամ են:
Լուսանկարներն ու տեսանյութը`Էդվարդ Արզումանյանի/NEWS.am











