«Քլիվլենդյան մոլագար» անունն ստացած Արիել Կաստրոն այսօր՝ օգոստոսի 1-ին դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ գումարած 1000 տարվա ազատազրկման: Դատավորի խոսքով, նա այլեւս երբեք դուրս չի գա բանտից:
Դատարանում խոսել է նաեւ չարագործը, ով ասել է, թե ինքը հրեշ չէ, այլ հիվանդ եւ պոռնոգրաֆիայի վրա ցնդած անձնավորություն է:
Նրա երեք զոհերից դատարան եկել էր միայն Միշել Նայթը, ում կաստրոն ամենաերկարը՝ 11 տարի էր պահել գերության մեջ: Կինը խոսել է դատարանում եւ ասել, որ այս տարիները իր համար դժոխք էին: Նա հույս է հայտնել, որ ապագան դժոխք կլինի Կաստրոյի համար: Մյուս երկու զոհերը չէին եկել դատավճռի հրապարակմանը, նրանց փոխարեն խոսել են հարազատները:
Հիշեցնենք, որ Արիել Կաստրոն առեւանգել եւ 10 տարի սեքսուալ գերության մեջ էր պահել 3 աղջիկների` Ջինա Դեհեսուսին, Ամանդա Բերրիին եւ Միշել Նայթին: Դեպքը բացահայտվել էր ուշադիր հարեւանի շնորհիվ: Կաստրոն ձերբակալվել եւ մեղադրվել է բռնաբարության, պարբերաբար դաժան ծեծի ենթարկելու եւ սպանության մեջ: Գերուհիների մոտ ծեծի հետեւանքով 5 անգամ արհեստական վիժում է տեղի ունեցել: Չնայած դաժան պայմաններին` գերուհիներից մեկը՝ Ամանդա Բերրին այս պայմաններում երեխա էր ունեցել:
Կաստրոն օրեր առաջ իրեն մեղավոր էր ճանաչել 937 կետերով, սակայն գործարքի շնորհիվ խուսափել էր մահապատժից:











