Ավստրիայի հատուկջոկատայինները գրոհով ներխուժել են Աննաբերգում գտնվող  տուն, որտեղ պատսպարվել էր չորս մարդու սպանած մի որսագող: Տուն ներխուժելուց հետո` հատուկջոկատայինները թաքստոց-սենյակում հայտնաբերել են տղամարդու այրված դի: Ենթադրվում է, որ դա երկիրը լարվածության մեջ պահած տղամարդու դին է: Հայտնաբերված մարմնի ինքնությունը պարզելու համար մի քանի օր կպահանջվի: 

Այս պատմությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ի գիշերը, երբ ոստիկանությունը փորձել էր ձերբակալել վաղուց որոնվող մի որսագողի: Կասկածյալ 55-ամյա Ալոիզ Հուբերն ուներ օրինական գրանցած վեց զենք, ուներ նաեւ որսի թույլտվություն, սակայն միայն մանր կենդանիների համար, այնինչ վերջինս եղջերուների որսով էր զբաղվում:  Վերջին ժամանակներս Աննաբերգի շրջակայքի անտառներում հայտնաբերում էին գլխատված եղջերուներ:

Կասկածյալը մեքենայով էր եղել, երբ կանգնեցրել էր ոստիկանությունը: Ոստիկանները փորձել են բռնել նրան, սակայն որսագողը կրակ էր բացել, սպանել երկու ոստիկանի եւ շտապօգնության բժշկին:  Ոստիկանության մեկ աշխատակցի էլ պատանդ էր վերցրել եւ ոստիկանական մեքենայով սլացել իր ագարակ: 

Ավելի ուշ պատանդ վերցված ոստիկանին նույնպես սպանված էին գտել: Այսպիսով, խելագար որսորդի զոհերի թիվը հասել էր չորս մարդու:

Հանցագործը թաքնվել էր իր ագարակում եւ պատսպարվել տանը: Հատուկջոկատայինները շրջափակել էին տունը, Աննաբերգ էին ուղարկել զրահատեխնիկա եւ զինվորականների:

Երկար տեւած փոխհրաձգությունից հետո` վճռել էին գրոհով մտնել տուն, հայտնում է «Կոմոմոլսկայա պրավդան»: Որոշ ժամանակ հանցագործը կրակոցներ է արձակել, իսկ հետո դադարել: Նա այրել է տունը, այնուհետեւ  ինքնասպան եղել: Հրդեհը հաջողվել է արագ մարել: Ոստիկանները մի քանի ժամ խուզարկել են տունը, մինչեւ որ  հայտնաբերել են դիակը: