Վիեննայի Ավետարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության գլխավոր բժիշկ Կուրտ Վինցենցը փորձում է կամուրջ ստեղծել դեմքի վերականգնողական եւ կոսմետիկ վիրաբուժության միջեւ, փորձում է դրանք համադրել:
Երեւանում Պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վինցենցը նշել է, որ բժշկության մեջ նոր ուղղություն է ձեւավորվել՝ վերականգնողական վիրաբուժություն, երբ գործառույթները, անատոմիան եւ գեղագիտական տեսքը վերականգնվում են միաժամանակ:
Ըստ բժշկի՝ վիրահատվողների մեծամասնությունը կանայք են, եւ միայն մեկ երրորդն են տղամարդիկ: Դիմողների միջին տարիքը 45-ն է:
Բժիշկ Վինցենցի ամենատարեց հիվանդը 82-ամյա մի կին է եղել: Նրան ախտորոշել էին՝ «ծերացող դեմքի ախտանիշ»: Կինը վերականգնել էր դեմքը, եւ լավ արդյունք էր ստացվել: Հենց այդ մասին է բժիշկը պատրաստվում զեկույց կարդալ Հայաստանում ընթացող կոնգրեսում:
Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 24-26-ը տեղի է ունենում պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնգրես, որին մասնակցում են հայտնի բժիշկներ ամբողջ աշխարհից:




























